ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուզում էի սաղավարտը վերցնել փշալարերից, ոստիկանը ձեռքիս խփեց. Դատարանը հրապարակեց Ալեն Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը՝ հակասությունների պատճառով

Ուզում էի սաղավարտը վերցնել փշալարերից, ոստիկանը ձեռքիս խփեց. Դատարանը հրապարակեց Ալեն Սիմոնյանի նախաքննական ցուցմունքը՝ հակասությունների պատճառով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որպես տուժող հարցաքննվել է՝ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի գործով, գրում է «Փաստինֆո»-ն։

Այս գործով Լևոն Երանոսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Ըստ մեղադրանքի` 2018 թվականի ապրիլի16-ին և 22-ին՝ Երևան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետևանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր և միջին ծանրության վնաս:

Լևոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետևանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ: Տուժող են ճանաչվել նաև Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը։
 

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ գործն ավելի քան երկու տարի է, ինչ դատարանում է եւ ներկայումս գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօրվա նիստում տուժողի կարգավիճակում հարցաքննվեց Ալեն Սիմոնյանը։ Վերջինս, մասնավորապես, պատմեց, որ փշալարերի վրա սաղավարտ էր, որը փորձում էր վերցնել, ոստիկանը հարվածել է ձեռքին, կարճ ժամանակ անց՝ պայթյուն է տեղի ունեցել, ինքը վնասվածքը ստացել է երկրորդ-երրորդ պայթյունից։ Իր՝ վնասվածք ստանալու վերաբերյալ տեսանյութը ևս կա տարածված, սակայն հնարավոր չէ նույնականացնել, թե կոնկրետ ում նետած նռնակի հետևանքով է վնասվածք ստացել։

 
 

Սիմոնյանը նշեց, որ հավաքի նպատակը խաղաղ ձևով ցուցադրելն էր, որ իրենք համաձայն չեն Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ երկրի ղեկավարության դերի ստանձնմանը, ինքը շարքային մասնակից էր, այդ ժամանակ ավագանու անդամ էր։ Պաշտպանի հարցին ի պատասխան Սիմոնյանը նշեց՝ չի հիշում՝ հավաքն ի սկզբանե որտեղ պետք է լիներ, հավաքին միացել է Բաղրամյան պողոտայում, իսկ թե որպես հավաքի մասնակից ինչպե՞ս էր դրսևորում իր անհամաձայնությունը, Սիմոնյանը նշեց. «Կանգնած էինք, որից հետո ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է գնալ իր աշխատանքի վայրը, սակայն չէր կարողանում, փշալարեր էին։ Դրանից հետո սկսվեց հրմշտոց։ Ես իր գործի տեղն անելու ոչ մի բան չունեի»։

Սիմոնյանն իր ցուցմունքում նշեց, թե ոստիկանական պատնեշ էր Բաղրամյան պողոտայում, փշալարեր են եղել, մինչդեռ, պաշտպանը նկատեց, որ դատաքննության ընթացքում արդեն հետազոտվել են տեսանյութերը, որտեղ երևում է, որ փշալարերն ի սկզբանե չեն եղել, հետագայում են բերվել, Ալեն Սիմոնյանը, սակայն, չհիշեց՝ ի սկզբանե Բաղրամյան պողոտայում էր, թե եկել է այն ժամանակ, երբ արդեն փշալարերը տեղադրվել էին։ Սիմոնյանը հայտարարեց, թե պատգամավոր Նիկոլ Փաշինյանին քաշքշել են, թույլ չեն տվել անցնել փշալարարերի վրայով, մինչդեռ, տուժող Սիմոնյանի այս հայտարարության մեջ պաշտպանության կողմը ևս հակասություններ արձանագրեց, մասնավորապես, արդեն իսկ հետազոտված տեսանյութերով երևում էր, որ քաշքշուկը եղել է այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ինքն է փորձել անցնել փշալարերի վրայով։ Բացի այդ, մի խումբ ցուցարարներ «Նիվան» հրելով տեղաշարժել են դեպի ոստիկանական շղթա, ինչին, Սիմոնյանի պնդմամբ՝ ինքը ներկա չի եղել, մեքենան տեսել է արդեն պայթյունից հետո։ Դատարանում հետազոտված տեսանյութերով արձանագրվել են ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու բազմաթիվ դեպքեր, այդ թվում՝ մինչև փշալարն անցնելու դրվագը և պայթյունները, ինչի առնչությամբ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ դրանք լինեն սադրիչներ՝ նշելով, որ այդ ինստիտուտը վերջին տարիներին բազմիցս օգտագործվել է։

Ալեն Սիմոնյանի ցուցմունքներում հակասություններ արձանագրվեցին, ըստ այդմ, դատարանը հրապարակեց Սիմոնյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքը։ Նախաքննական ցուցմունքի հրապարակումից և դրա շուրջ պարզաբանումներից հետո Ալեն Սիմոնյանի հարցաքննությունն ավարտվեց։ Հաջորդ դատական նիստին կշարունակվի տուժողների հարցաքննությունը։

  • Կիսվել: