հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շուտով հանրությունը կհասկանա՝ ինչ են ցանկանում իշխանություններն Արամ Վարդանյանից. Սահակյան

Շուտով հանրությունը կհասկանա՝ ինչ են ցանկանում իշխանություններն Արամ Վարդանյանից. Սահակյան

Քննիչները և ոստիկանության բազմաթիվ աշխատակիցներ խուզարկություն են իրականացրել 4 տներում, օժանդակ շինություններում, ընդ որում տեղյակ չէին, թե տունը, որ իրենք մտնում էին, որ հասցեի տունն է և արդյոք իրենք ունեի՞ն թույլտվություն այդ հասցեում խուզարկություն իրականացնելու: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) փաստաբան Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով՝ ոստիկանները խուզարկություն իրականացնելու իրավունք ընդհանրապես չունեին

«Ինչ-որ անձանց ինչ-որ ենթադրությունների պատճառով է, փաստորեն, խուզարկության թույլտվություն տվել դատարանը: Այսինքն՝ ինչ-որ մարդիկ ենթադրում են, թե Արամ Վարդանյանը կապ ունի ինչ-որ հանցագործությունների հետ, այդ պատճառով էլ խուզարկության թույլտվություն է տվել: Բովանդակային մասում նշվել է, որ քննիչը միջնորդել է՝ խուզարկություն իրականացնել զենք-զինամթերք հայտնաբերելու, ինչպես նաև քրեական գործի համար էական նշանակություն ունեցող իրեր հայտնաբերվելու, նաև, եթե տանը գտնվի Արամ Վարդանյանը, նրան հայտնաբերելու համար»,- ասաց Սահակյանը

Նա նաև նշեց, որ անհասկանալի է, նույնիսկ որոշման մեջ նշված չէ, թե Վարդանյանի նկատմամբ հետախուզում հայտարարված է, թե ոչ. «Մենք հերթական անգամ պահանջեցինք քննիչներից, որ եթե կա ձերբակալման որոշում, կա հրավեր, ասեն, որ հասկանանք՝ Արամ Վարդանյանն ի՞նչ կարգավիճակ ունի: Հասկանանք՝ արդյոք նրանք ընդհանրապես ցանկանո՞ւմ են հարցաքննել Արամ Վարդանյանին կամ որևէ քննչական գործողություն կատարել: Մեզ այս պահի դրությամբ ոչինչ չի տրամարդվել, ուստի ակնհայտ է, որ նման որոշում գոյություն չունի»:

Փաստաբանը վստահ է, որ Արամ Վարդանյանն այդ քրեական գործի հետ որևէ առնչություն ունենալ չի կարող և որոշման բովանդակային մասից էլ է երևում, որ խոսքը գնում է ինչ-որ անձանց ենթադրությունների մասին: «Իհարկե, այդ անձանց մենք գիտենք, գիտենք նրանց առնչությունը որոշակի անձանց հետ, նրանց շահագրգռվածությունը նման ենթադրություններ անելու: Մենք շուտով դրան կանդրադառնանք և կնշենք՝ ինչ շահագրգռվածություն ունեն նման անձինք, որ նման հաղորդումներ են տալիս»,- ասաց նա:

Նա տեղեկացրեց նաև, որ ինչ-որ նշված է որոշման բովանդակության մասում, դեռևս ամիսներ առաջ նման հաղորդում եղել է նույն անձանց կողմից, տարբեր քրեական գործերով հիմնավորվել է, որ այդ անձինք կեղծ մատնություններ են կատարում, կեղծ ցուցմունքներ են տալիս, սակայն դա չի կանգնեցնում քննիչներին, որ խուզարկություն անեն:

Փաստաբանն ասաց. «Մենք շուտով կհրապարակենք այդ անձանց կապը որոշակի անձանց հետ և հանցագործությունները, որոնք կոծկելու նպատակով այսօր ոստիկանությունն այսպիսի գործողությունների է գնում: Եթե ոստիկանությունն իր դիրքում լիներ, շատ հանցագործություններ չէին կատարվի այդ անձանց կողմից, սպանությունը, որը կատարվեց, չէր կատարվի, սպանության փորձեր, որոնք կատարվել են, չէին կատարվի: Այսօր էլ այդ անձինք օգտվում են հովանավորչությունից: Մենք շուտով այդ հովանավորների անուններն էլ կհրապարակենք»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան իրենց էջերի միջոցով տեղեկացրել էին, որ երեկ ոստիկանական աշխատակիցները, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող և Արցախի 17 հասցեում գտնվող այլ տներ, կոտրել դռներն ու պատուհաները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, «կատարել հափշտակություն»։

  • Կիսվել: