Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանը ազատ արձակվեց. ինչ է որոշել ՔԿ-ն
Զվարթնոց օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակայանին մոտ 3 ժամ քննելուց հետո մեղադրանք են առաջադրել եւ խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը, գրում է ArmLur.am-ը:
Հիշեցնենք,որ «Շանթ»-ի հետ զրույցում ընտրությունների առիթով Երևան ժամանած Հովհաննես Սահակյանը հայտնել էր, որ Մոսկվայից եկել են մասնակցելու քվեարկությանը և նույն օրը պատրաստվում են վերադառնալ։ «Մոսկվայից եկել ենք ընտրենք, երեկոյան 7-ին հետ ենք վերադառնում»,- ասել էր նա։ Լրագրողի՝ «Նույն օրը՞» հարցին արձագանքելով՝ Սահակյանը նշել էր. «Անպայման, որ կարող ա խառնվի վիճակը, երեխեքի հետ ենք, չմնանք էլի բարդություններին»։ Ավելի ուշ, երբ Սահակյանը փորձել է վերադառնալ Մոսկվա, հենց օդանավակյանում ձերբակալվել է։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Հ. Ս.-ն, ըստ նախնական տվյալների, տեղեկացված լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, այդ մասին չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ Հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանցագործության մասին չհայտնելը)։ Քննիչի որոշմամբ Հ. Ս.-ն ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։



