«Թիվ հնչեցնել չեմ կարող, բայց 300-ը չեն եղել». ՆԳ նախարարը՝ 10 եպիսկոպոսներին ուղեկցող ոստիկանների մասին
Ես թիվ հնչեցնել չեմ կարող, որովհետև ոստիկանական աշխատանքի տեսանկյունից դա ծառայության կազմակերպման ընդհանուր կոմպոնենտ է և թվի պատկեր հնչեցնել չեմ կարող, բայց նշեցի, որ 300 հոգով եպիսկոպոսներին ուղեկցելու պրոցեսի մասով տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով նրան, որ ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ 300 ոստիկաններ են ուղեկցում Փաշինյանին սատարող եպիսկոպոսներին։
«Դուք էլ եք այնտեղ եղել, և կարող էիք տեսնել շատ ոստիկաններ, քանի որ որ երկու կողմ հավաք էին իրականացնում Մայր աթոռի նույն տարածքում և կային նաև որոշակի սադրիչ գործողություններ, սադրիչ գործողությունների մասով օպերատիվ տվյալներ և այն չափ ուժ էր ներգրավված այդ տարածքում, որը ոստիկանության համոզմամբ թույլ կտար կառավարելիություն ունենալ և հասարակական կարգ ու անվտանգություն երաշխավորել։ Եթե նույնիսկ մի քանի հազար անձի ներգրավման կարիք լիներ այդ հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու տեսանկյունից, ոստիկանության ուղիղ պարտականությունն է հաշվել, հասկանալ օպերատիվ իրավիճակը և այդ անձանց ներգրավել»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է նրան, որ այլ օրերի եւս այդ եպիսկոպոսներին ուղեկցում են ոստիկաններ, ՆԳ նախարարն ասաց. «Մենք իրականացնում ենք քննչական մարմնի կողմից պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշումը, և բոլոր այն դեպքերում, երբ վարույթն իրականացնող մարմնից ստանում ենք այդպիսի տեղեկատվություն, միանշանակ է, որ ոստիկանությունը պիտի իրականացնի անձի պահպանություն։ Այո, դուք կարող եք տեսնել այդպիսի դեպքեր, դրա հիմքում կա կոնկրետ պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում։ Տարբեր եկեղեցիների տարածքում այդ նույն պահպանությունը կա, տոն օրերին էդ նույն պահպանությունը կա։
Եթե որևէ անձ մտածում է, որ իր իրավունքները խախտվել են, բնականաբար կարող է կամ վերադասվարչարարության կարգով ինձ բողոք ներկայացնել ոստիկանի գործողության կամ անգործության մասով, կամ եթե տեսնում է, որ հանցագործության տարը իր պատկերացմամբ հաղորդում ուղարկել համապատասխան մարմնին։
Մինչ այս պահը նմանատիպ իրավիճակ էլ ունեցել ենք, այսինքն մի դեպքում ինձ վերադասվարչարարության կարգով բողոք է ներկայացվել, քննչական մարմին քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ հաղորդում է ուղարկվել։ Իրավական պետություն ենք, այդ պրոցեսները պիտի ապահովենք, եթե որևէ մեկը մտածում է, որ իր իրավունքը խախտված է, բոլոր գործիքակազմերը ունի իրավունքի պաշտպանություն իրացնելու»,– հայտարարեց Արփինե Սարգսյանը։


