հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տիգրան Աբրահամյանը դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեկ տարի է մեր ոչ մի նիստի չի մասնակցել.Անդրանիկ Քոչարյան

Տիգրան Աբրահամյանը դատարաններում հարցազրույցներ է տալիս, բայց մեկ տարի է մեր ոչ մի նիստի չի մասնակցել.Անդրանիկ Քոչարյան

Տևական ժամանակ է ես մեր հանձնաժողովի նիստում չեմ տեսնում Տիգրան Աբրահամյանին: Այս մասին այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի մեկնարկին հայտարարեց նախագահող, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և աշխատակիցներից խնդրեց բացակայությունների վիճակագրությունը տալ իրեն:

Նա ընթերցեց  վիճակագրությունը՝ ասելով, որ 2022 թ. սեպտեմբերից մինչև  2023-ի օգոստոսը մեր հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանը չի ներկայացել հանձնաժողովի աշխատանքներին:

«Բայց ես տեսնում եմ, որ ինքը տարբեր դատարանների դահլիճներում հարցազրույցներ է տալիս, բայց մեր մեկ տարվա նիստերին չի մասնակցել: Ես խնդրում եմ նորից իմ անունից՝ տեղեկացնեք պարոն Աբրահամյանին, որ ինքը հանձնաժողովի անդամ է, ճիշտ կլինի, որ նա մասնակցի նիստերին, քանի որ երկրի անվտանգային, օրենսդրական և վերահսկողական խնդիրները ՀՀ Սահմանադրության համաձայն իրականացվում են Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից»,-ասաց նա:

Քոչարյանը խոսեց նաեւ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի ասին՝ ասելով. «Տիկին Գրիգորյանը իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր համար բարդ է մասնակցել հանձնաժողովի նիստերին, որտեղ մենք ներկայացված ենք, բայց դա է ճակատագիրը, դա է ժողովրդի քվեի պահանջը»:

Հանձնաժողովն առանց ելույթների քննարկեց և հինգ րոպեում ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով զինվորական հաստիքի վրա գրանցված ոչ զինվորականների ընտանիքները նույնպես կստանան զոհվելու դեպքում նախատեսված պետական փոխհատուցման վճարները և առողջությանը հասցված վնասների՝ օրենքով սահմանված փոխհատուցումները:

  • Կիսվել: