ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել է մորաքրոջ դեմքին, դանակով հարձակվել հարսի վրա. գործը դատարանում է

Տղան փորձել է խեղդամահ անել մորը, մկրատով հարվածել է մորաքրոջ դեմքին, դանակով հարձակվել հարսի վրա. գործը դատարանում է

Ռոբերտ Մ.-ն համատեղ բնակվել է մոր` Արմենուհի Թ.-ի, քրոջ` Կարինե Թ.-ի և վերջինիս հարսի` Անի Գ.-ի հետ և վերջիններիս հետ կենցաղային հարցերի շուրջ գտնվել է լարված փոխհարաբերությունների մեջ:

Ռոբերտ Մ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում, պարբերաբար ծանր վիրավորանքներ է հասցրել նրանց, մասնավորապես` սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչպես նաև թքել է մոր դեմքին:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Գործը վարույթ է ընդունել 2021 թվականի դեկտեմբերի 30-ին և մակագրվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանին:

Ռոբերտ Մ.-ն 2021 թվականի հոկտեմբերի 19-ին, իրենց բնակարանի խոհանոցում, մորը սպանելու նպատակով՝ նախապես տեղյակ լինելով նրա շնչառական խնդիրների մասին, մի ձեռքով բռնել է վերջինիս պարանոցից, մյուս ձեռքով փակել քիթն ու բերանը և այդպես փորձել է սպանել, սակայն վրա է հասել Կարինե Թ.-ն և տղան դադարեցրել է խեղդամահ անելու գործողությունը: Կատարվածից չբավարարվելով՝ Ռոբերտ Մ.-ն Արմենուհի Թ.-ին վայր է գցել և ձեռնափայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, որից հետո վերջինս օգնության է կանչել քրոջ հարսին, ինչից հետո Ռոբերտ Մ.-ն դադարեցրել է իր գործողությունները:

Վերջինս շարունակելով իր հանցավոր գործողությունները, մկրատով երկու անգամ հարվածել է մորաքրոջէ Կարինե Թ.-ի դեմքին և սպառնացել սպանել նրան, որից հետո Կարինե Թ.-ն հայտնել է ոստիկանություն ահազանգելու մասին, իսկ Ռոբերտ Մ.-ն դուրս է եկել տան բակ, վերցրել բահը, հետ եկել տուն ու ցանկացել ավարտին հասցնել իր մտադրությունները, սակայն տեղեկանալով ոստիկանության աշխատակիցների ժամանման մասին` դիմել է փախուստի:

Բացի այդ, Ռոբերտ Մ.-ն դանակով հարձակվել է Անի Գ.-ի վրա և սպառնացել սպանել նրան:

Ռոբերտ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ), 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել), 137.1-րդ հոդվածի 3-րդ մասով (անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: