հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ճամբարակի քաղաքապետը ձերբակալվել է պարեկների մասնակցությամբ միջադեպի գործով

Ճամբարակի քաղաքապետը ձերբակալվել է պարեկների մասնակցությամբ միջադեպի գործով

Ճամբարակում պարեկների մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներից մեկը Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանն է։

Դեպքի վայրից ձերբակալվել էր երեք անձ։ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հաստատեց, որ ձերբակալվածներից մեկը համայնքի ղեկավարն է։

Հիշեցնենք, որ 2023թ. մայիսի 5-ին՝ ժամը 04:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակից զեկուցագիր է ստացվել այն մասին, որ «Ճամբարակ» տեղամասում իրականացվող ծառայության ընթացքում 2023թ․ մայիսի 4-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21 փողոցում նկատել են, որ «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան կանգնել է հետիոտնային անցման վրա, և զգուշացրել են հեռացնել այն։ Դրանից հետո, ստուգելու նպատակով, Գ.Նժդեհի փողոցում պարեկային ծառայողները կանգնեցրել են նշված ավտոմեքենան և պարզվել է, որ վարորդն իր մոտ չունի վարորդական իրավունքի վկայական։ 

Խոսակցության ընթացքում նույն փողոցում վարորդի և ուղևորի գլխավորությամբ մոտ 20-25 անձինք սկսել են քաշքշել պարեկային ծառոյողներին, տվել սեռական բնույթի հայհոյանքներ, նրանցից մեկը բռունցքով հարվածել է պարեկային ծառայողներից մեկի դեմքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և դիմել փախուստի։


Դեպքի վերաբերյալ ստացված հաղրոդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
Մայիսի 5-ին առերույթ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են նշված ավտոմեքենայի 36-ամյա վարորդը, 40-ամյա ուղևորը և 29-ամյա մեկ քաղաքացի, ովքեր հանդիսանում են Ճամբարակ քաղաքի բնակիչներ։

Նախաքննությունը շարունակվում է։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր վարութային և ապացուցողական գործողությունները՝ դեպքի հանգամաքները լիարժեք պարզելու, միջադեպի մասնակիցների ինքնությունը պարզելու, բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով։   

Ծանուցում.հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: