Տարրական մանիպուլյացիաներ, սուտ․ Ֆիդանյանն այն տեղեկությունների մասին, թե բռնություն գործադրող ոստիկաններին պարգևավճար են տալիս
Հիշատակված դեպքերը բացառիկ են, պետք է հաշվի առնենք նաև այն իրավիճակը, որը ստեղծվում է տվյալ պահին ծառայություն իրակականացնող ոստիկանների հանդեպ։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ի պատասխան դիտարկմանը, որ ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ։
«Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և անտեղի որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի»,- Ֆիդանյանի խոսքով, բերման ենթարկելը իրենից ներկայացնում է որոշակի ուժի կիրառում և ցուցարարները ամեն կերպ փորձում են դիմադրել։
Խոսելով արձանագրված բռնության դեպքերից՝ Ֆիդանյանը նշեց․ «Պետք է փաստեմ, որ դրանք շատ քիչ են, հատուկենտ դեպքեր են։ Այսքան աղաղակվում և բարձրաձայնվում է , որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, բայց այդպես չէ, բացառիկ դեպքեր են։ Այս պահին 371 ծառայողական քննություն է իրականացվում, ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու, այլ առհասարակ ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ։ 20 դեպքերով նախապատրաստվում են նյութեր և 2 քրեական գործ արդեն իսկ հարուցված է ոստիկանության գործողությունների առնչությամբ։ 2 քրեական գործերն էլ հարվածելու հետ են կապված»։
Հարցին, թե ոստիկանը իրավունք ունի հարվածելու, Ֆիդանյանը նշեց․
«Իրավունքի չունի, բայց պետք է հաշվի առնենք էմոցիոնալ ֆոնը, որը առկա է։ Երեկ ականատես եղանք, երբ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, փորձում են խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին։ Պետք է հաշվի առնենք, որ իրենք ևս մարդ են և տևական ժամանակ իրականացնում են գերլարված ծառայություն»,- նշեց Ֆիդանյանը։
«Արդյոք հարց չի՞ ծագել, թե ինչու առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, պատգամավորները, ծերերը և ոստիկանության գործողությունները, այս առումով, ինքնըստինքյան սահմանափակվում են»,- ընդգծեց փոխոստիկանապետը։
Հարցին, թե շրջանառվում է տեղեկություն, որ շատ ոստիկաններ լքում են համակարգը, Ֆիդանանը պատասխանեց․ «Տարրական մանիպուլյացիաներ են։ Բազմամարդ հավաքների ընթացքում հրապարկվեցին անուններ,որոնք վաղուց լքել էին ոստիկանության շարքերը։ Այո դուրս եկողներ կան, բայց դա բնական պրոցես է»;
Ֆիդանյանը տարրական սուտ որակեց նաև տեղեկությունները, թե բռնություն գործադրող ոստիկաններին պարգևավճար են տալիս․ «Ոստիկանությունը ստանալու է հավելավճար, քանի որ այս օրերին՝ արդեն 20 օր, գիշեր-ցերեկ գերլարված ծառայություն է իրականացնում»;