հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տարոն Մարգարյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով կանչվել են Դատախազություն

Տարոն Մարգարյանն ու նրա ընտանիքի անդամները ապօրինի գույքի բռնագանձման գործով կանչվել են Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին և նրան փոխկապակցված շահագրգիռ անձանց, մասնավորապես նրա կնոջը՝ Գոհար Սարգսյան/Մարգարյանին, մորը՝ Սուսաննա Մարգարյան/Պողոսյանին, ինչպես նաև որդիներին՝ Նահապետ և Անդրանիկ Մարգարյաններին։ Սույն գործով որպես շահագրգիռ անձինք ծանուցագրեր են ուղարկվել նաև Կարինե Մարգարյան/Պետրոսյանին և Աստղիկ Մարգարյան/Ուլիխանյանին։ Հիշյալ անձինք, ըստ ծանուցագրերի, պետք է հուլիսի 14-ին, ըստ ծանուցագրերում նշված ժամերի, ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Նշենք, որ 2013 թվականին Երևանի քաղաքապետ ընտրվելուց հետո, երբ արդեն քաղաքապետի պաշտոնում «մի սրոկ» պաշտոնավարած Մարգարյանը ներկայացրեց իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, հասարակությունը ապշահար էր վերջինիս ահռելի ունեցվածքի փաստից։ «Մտածելու բան ունեն նրանք, ովքեր ազնվորեն չեն հայտարարագրել իրենց ունեցվածքը»,- հայտարարել էր «ազնիվ եղանակով», «հալալ քրտինքով» հարստացած Տարոն Մարգարյանը:

2017 թվականին էլ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով դարձյալ քաղաքապետ դարձած Մարգարյանի հայտարարագիրը, մեղմ ասած, համեստներից չէր. երկու բնակարան, մեկ անհատական բնակելի տուն, մեկ ամառանոց, երկու ավտոտնակ, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական նշանակության շինություն, 250 մլն ՀՀ դրամ, 45 հազար ԱՄՆ դոլար, 50 հազար եվրո և այլն։

Վերջինիս դրամական միջոցները 2013-2017 թթ. ընթացքում սրընթաց աճել էին (2013-ին դրամական միջոցները 115 մլն դրամ էին, 50 հազար ԱՄՆ դոլար և 50 հազար եվրո), այն դեպքում, երբ երկրում սրընթաց աճում էր աղքատությունը։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին արդարացել էր, թե՝ եթե ուշադիր նայեք, ապա կտեսնեք, որ մի բան էլ նվազել է իր գույքը։ «Ձեր դրամական միջոցները կրկնապատկվել են»՝ լրագրողի դիտարկմանը Երևանի քաղաքապետը խրոխտ հակադարձել էր. «Իսկ մի հատ նայեք՝ գո՞ւյքն ինչքան է պակասել, նայեք, թե ինչ գումարն է կրկնապատկվել, ինչն է վաճառվել։ Պետք ա էդ ամեն ինչը նայեք, չէ՞, լավ ուսումնասիրեք։ Ոչ միայն 2013 թվականը, այլև դրանից առաջ՝ 2009 թվականի հայտարարագիրը, դրանից առաջվա հայտարարագրերը, չի կարելի անընդհատ մի թվի վրա սևեռվել և ասել, թե որտեղից։ Նայեք, ընդեղ պարզ, հստակ գրված ա։ Մենք, ես երբևիցե թաքցնելու բան չեմ ունեցել ու չեմ էլ ունենալու»:

Իսկ արդեն 2018 թվականին հեղափոխությունից հետո հրապարակվեց սկանդալային հետաքննություն՝ FACK.tv-ի հետաքննական խմբի կողմից։ Երկումասանոց հրապարակումը, որը վերաբերում էր այդ ժամանակ գործող քաղաքապետի ունեցվածքին, Մարգարյանի ասածի պես՝ պարզ, հստակ ներկայացնում էր, թե ինչպես է 575 հազար դրամ աշխատավարձ ստացող Մարգարյանը կարողացել առասպելական ունեցվածք դիզել։ Այդ տեսագրությունը մեծ աղմուկ բարձրացրեց, հարուցվեց հերթական քրեական գործը (մեկ գործ արդեն իսկ հարուցվել էր «Երևան» հիմնադրամի մասով, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն էր: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս էին բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ և տեղափոխել բեռնատարով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը): Այն ժամանակ ԱԱԾ տնօրեն, իսկ մինչև վերջերս Տարոն Մարգարյանի խմբակցությունը գլխավորած Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Այդ (Մարգարյանի-խմբ.) ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է։ Եթե պարզվի, որ այդ ունեցվածքը ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, նա պատասխանատվություն կկրի։ Իսկ ինչ վերաբերում է «Երևան» հիմնադրամին առնչվող քրեական գործին, ապա գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից»։ Նշենք, որ խոսքը 1 մլրդ 810 մլն դրամ գումարի մասին էր։

2021 թվականին պատգամավոր դարձած Տարոն Մարգարյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած իր տարեկան հայտարարագրում հայտարարագրել է բավական համեստ կարողություն՝ մեկ հասարակական նշանակության շինություն՝ Ջերմուկում, որը համատեղ սեփականություն է և գնվել է 2007-ին։ Մարգարյանը հայտարարագրել է նաև մեկ անհատական բնակելի տուն Երևանի Ավան վարչական շրջանում։ Առանձնատան համասեփականատերը Մարգարյանի որդին՝ Նահապետ Մարգարյանն է։ Որպես շարժական գույք նախկին քաղաքապետը հայտարարագրել է MERCEDES-BENZ (2007 թ. արտադրության) ավտոմեքենա, որը գնվել է նույն տարում՝ 2007-ին։

ՊՈՒ-ական պատգամավորի դրամական միջոցներն էլ ունեն հետևյալ պատկերը՝ 34.29 եվրո, 83.84 ԱՄՆ դոլար, 973,268.00 ռուսական ռուբլի, 420,000.00 ռուսական ռուբլի, 27,130.00 դրամ, 31,309.00 ԱՄՆ դոլար, 4,980.00 եվրո։ Որպես կանխիկ դրամ Մարգարյանը հայտարարագրել է 97 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 89 մլն, 15 հազար ԱՄՆ դոլար, որը տարեվերջին կազմել է 13 հազար, 40 հազար եվրո, որը տարեվերջին մնացել է անփոփոխ։ Որպես եկամուտ Մարգարյանը հայտարարագրել է 3 մլն 80 հազար 500 դրամ աշխատավարձը՝ ստացված ԱԺ-ից։ 2021 թվականին հանգստի համար նախկին քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամը ծախսել է 2 մլն 500 հազար դրամ։

Մարգարյանի կինը՝ Գոհար Սարգսյանը, 2021 թ. տարեկան հայտարարագրում նշել է համատեղ սեփականությամբ իրեն պատկանող մեկ անհատական բնակելի տուն Երևանի Ավան վարչական շրջանում, որը տարեվերջին առկա չէ։ Որպես դրամական միջոց տիկին Սարգսյանը հայտարարագրել է ընդամենը 22 ԱՄՆ դոլար, 1287 եվրո, որը տարեվերջին նվազել է՝ կազմելով 904 եվրո։ Որպես կանխիկ դրամ Մարգարյանի կինը հայտարարագրել է տարեսկզբին՝ 9 հազար ԱՄՆ դոլար, որը տերեվերջին դարձել է 7 հազար, 8 հազար եվրո և 39 մլն դրամ, որը տարեվերջին կազմել է 35 մլն։ Գոհար Սարգսյանը նաև 2 մլն 100 հազար դրամ ծախսել է հանգստի համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում առկա չեն Մարգարյանի զավակների՝ 2021 թ. տարեկան հայտարարագրերը։

  • Կիսվել: