«Թարգմանությունների կենտրոն»-ի տնօրենն ու ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են չինարենի անվճար ուսուցման հնարավորությունները
Արդարադատության նախարարության «Թարգմանությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը ընդունել է Հայաստանում ՉԺՀ–ի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համագործակցության հարցը: Մասնավորապես, Թարգմանությունների կենտրոնի աշխատակիցների համար չինարեն լեզվի ուսուցման, կարողությունների զարգացման, Չինաստանում վերապատրաստումների հնարավորության և այլ հարցեր:
Անահիտ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Մին Չենին համագործակցության նման հնարավորություն ստեղծելու համար՝ նշելով, որ կենտրոնի աշխատակիցների համար չինարենի ուսանումը կնպաստի հայ-չինական համագործակցության ընդլայնմանը:
Պարոն Մին Չենը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Թարգմանությունների կենտրոնի զարգացման առաջիկա գործընթացներին»,-ասված է հաղորդագրության մեջ: