հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տանտերը հետապնդել է գողին և որսորդական հրազենից կրակել է տղամարդու վրա. ՔԿ

Տանտերը հետապնդել է գողին և որսորդական հրազենից կրակել է տղամարդու վրա. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Տավուշի մարզի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2022թ. հունվարի 15-ին՝ ժամը 03:35-ին, ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում քաղաքացուց ահազանգ էր ստացվել այն մասին, որ Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տանը գող կա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 03:10-ի սահմաններում, Տավուշի մարզի Դեբեդավան բնակավայրի բնակիչը, ցանկապատի վրայով մուտք է գործել Նոյեմբերյան քաղաքի Տերյան փողոցում գտնվող տուն, ում նույն տան բնակիչը նկատել է:

Հասկանալով, որ իրեն նկատել են՝ Դեբեդավան բնակավայրի բնակիչը ցատկել է պատշգամբից և դիմել փախուստի, որից հետո նշված տանտերը հետապնդել է նրան և փողոցում իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տեսակի որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակել է տղամարդու կոնքի հատվածին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել է կրակված գնդակի մեկ պարկուճ, կատարվել են առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ: Նոյեմբերյան քաղաքի բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: