հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հոկոբյանի փաստաբանն անդրադարձել է ՔԿ-ի հայտարարությանը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հոկոբյանի փաստաբանն անդրադարձել է ՔԿ-ի հայտարարությանը

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հոկոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Վահե Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործին և ՔԿ-ի հայտարարությանը:

«ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել այն մատին,որ Սյունիքի նախկին մարզպետ Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ։ Հայտարարության մեջ նշված է նաեւ, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասով:

Եթե քրեական գործը հարուցվել է հենց Վահե Հակոբյանի կողմից ենթադրյալ չարաշահումներ թույլ տալու փաստի առթիվ (իսկ քննչական կոմիտեի հայտարարությունից այդպես է երեւում) այլ ոչ թե այլ անձանց կողմից,ապա հարկ է արձանագրել որ ՔԿ-ի հայտարարության մեջ առկա հետեւյալ ձեւակերպումը՝ «Վ.Հակոբյանը, նրա երկու օգնականները և վարորդը 2017-2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատանքի չեն հաճախել, սակայն ստացել են աշխատավարձ» արդեն իսկ խախտում է պարոն Հակոբյանի անմեղության կանխավարկածը։

Բացի դրանից, ըստ այդ հայտարարության՝ 2019թ. ստուգումներ են կատարվել, ինչը ենթադրում է, որ այդ ժամանակ էլ նշված փաստով քրեական գործը հարուցվել է: Հետևաբար՝ տրամաբանական հարց է առաջանում՝ այդ ժամանակահատվածում ինչի՞ Վահե Հակոբյանը չի հրավիրվել նախաքննական մարմին ու չի հարցաքննվել, իսկ դա տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ համապատասխան քաղաքական հայտարարություններ է կատարում: Հենց սրանով է պայմանավորված, որ մենք սա համարում ենք քաղաքական հետապնդում»,– ասվում է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ փաստաբաններն այսօր ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2021 թվականի հունվարի 29-ին Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին հրավիրել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ ըստ քննիչ Հ. Սարգսյանի խոսքերի վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննության։

Նշենք նաև, որ ՔԿ-ն անդրադարձել էր Հակոբյանի փաստաբանների հայտարարությանը՝ նշելով, որ Սյունիքի նախկին մարզպետն աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է աշխատավարձ:

  • Կիսվել: