ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շատ կարևոր փոփոխություն է. կարևոր է, որ դա մենք անցնցում ենք անում. Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ ստեղծելու մասին

Շատ կարևոր փոփոխություն է. կարևոր է, որ դա մենք անցնցում ենք անում. Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ ստեղծելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով առաջարկվում է ստեղծել Ներքին գործերի նախարարություն, մի քանի առանձնահատկություններ նշեց: Առաջին առանձնահատկությունն  այն է, որ նոր կարգավորումներով Ոստիկանության պետը կլինի Ներքին գործերի նախարարի տեղակալ:

«Ոստիկանության պետը կլինի նաև անվտանգության խորհրդի անդամ: Ոստիկանության զորքերը կվերակազմակերպենք որպես ոստիկանության գվարդիա և ոստիկանության գվարդիան ավելի ընդլայնված գործառույթներ կունենա անվտանգության ապահովման առումով, քան այսօր ունեն Ոստիկանության զորքերը: Իհարկե, շատ մեծ փոփոխություններ չեն լինի, բայց էական փոփոխություններ կլինեն»,- նշեց վարչապետը:

Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հենց նախարարության ձևավորման մեկնարկից արդեն պետք է սկսվի կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի Ոստիկանության և Փրկարար ծառայության աշխատակիցների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:

«Սա նոր որակի Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի և ցանկության մեջ է, իհարկե, զուգահեռաբար նաև ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի և այլն: Բայց, որպեսզի շփոթ չլինի, ուզում եմ ասել, որ այս փուլում մենք այս մեխանիզմը ներդնում ենք, կարճ ասած, ուսադիրներ կրող մարդկանց համար: Ընդ որում, մենք նախորդ օրը խոսել ենք նաև քրեակատարողական ծառայության համակարգում այս համակարգը ներդնելու մասին: Արդեն 2023 թվականից պրոցեսը պետք է գնա»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ միանգամից չի լինի, բայց 2023 թվականին  բոլոր համակարգերում պետք է լինեն մարդիկ, որ առնվազն կրկնապատկված աշխատավարձերով կաշխատեն:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունը Փաշինյանը շատ կարևոր համարեց.

«Իհարկե, շատ կարևոր փոփոխություն է և կարևոր է, որ դա մենք անցնցում ենք անում: Այսինքն, 4 ամիս մենք կունենանք նաև զուգահեռ ԱԻ նախարարություն: Սա շատ կարևոր է, որպեսզի համակարգերը ինտեգրվեն»,-շեշտեց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ պետք է համատեղ աշխատեն Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Առողջապահության նախարարությունը, որպեսզի արտակարգ դեպքերի, կանչերի արդյունավետության հետ կապված խնդիր լուծենք, «որովհետև այսօր դրա հետ կապված մենք համակարգային խնդիրներ ենք տեսնում: Կարծում եմ, որ ավելի քան բավարար չափով բարեփոխումը քննարկված է: Մենք բոլոր բարդություններին և նրբություններին տիրապետում ենք»:

Վարչապետը մեկ կարևոր հանգամանք ևս առանձնացրեց.

«Ես խնդիր եմ առաջադրել, որպեսզի մենք հենց մյուս տարվանից նոր ստանդարտի Ոստիկանության տարածքային կառույցների շենքեր ունենանք, և արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել ենք: Մենք կսկսենք Մեղրիից»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

  • Կիսվել: