հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Փոխոստիկանապետը՝ 150 000 դոլարի ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին

Փոխոստիկանապետը՝ 150 000 դոլարի ներդրում անողներին ՀՀ քաղաքացիություն տալու մասին

 Ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ կառավարության ներկայացրած նոր նախագծին, ըստ որի օտարերկրյա քաղաքացին, եթե Հայաստանի տնտեսության մեջ 150 հազար դոլարի ներդրում է կատարում, ապա կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Օտարերկրացիների կողմից մեր երկրի տնտեսությունում ներդրում անելու հենց 150 000 դոլար և ոչ ավելի բարձր շեմը, Ֆիդանյանի խոսքով, սահմանվել է՝ հաշվի առնելով այլ երկրների փորձը։ 

«Եթե իրապես ցանկանում ենք ապահովել գրավչություն, պետք է կարողանանք նաև ապահովել մրցակցությունը այլ երկրների հետ»,- ասաց Ֆիդանյանը։

Փոխոստիկանապետից լրագրողները հետաքրքրվեցին՝ Ադրբեջանի քաղաքացին նու՞յնպես կարող է ներդրում անել ու ստանալ ՀՀ քաղաքացիություն․ ռիսկ չկա՞։

«Էստեղ շատ հարաբերական է Ադրբեջանի քաղաքացի ասածը։ Նույն տրամաբանությամբ, կարող է, օրինակ, ազգությամբ ադրբեջանցի լինել, բայց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունենալ։
 

Հետևաբար, կենտրոնանալ բացառապես քաղաքացիության գործոնի վրա, մենք չենք պատրաստվում»,- ասաց փոխոստիկանապետը՝ խոստանալով՝ «կառավարության որոշմամբ մենք բոլոր ռիսկերը կփորձենք հնարավորինս հարթել»։

  • Կիսվել: