երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, պաշտպանները ծանոթանում են գործի նյութերին

Սերժ Սարգսյանի գործով նախաքննությունն ավարտվել է, պաշտպանները ծանոթանում են գործի նյութերին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը ավարտվել է, և նախաքննական մարմինը տրամադրել է գործի նյութերը կողմերին, InfoPort.am-ին տեղեկացրեց նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը:

Նա ասաց, որ այս պահին քրեական գործի նյութերի ծանոթացման փուլն է: «Նախաքննական մարմինը մեզ տրամադրել է գործի նյութերը և արդեն երկու օր է ծանոթանում ենք դրանց», -մեզ հետ զրույցում ասաց Մակինյանը:

Նրա խոսքով, նյութերի թեկուզ մակերեսային ծանոթությունը վերահաստատում է իրենց նախկին պնդումները՝ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Մենք գնալով համոզվում ենք, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը շինծու է և գործի նյութերն էլ հաստատում են, որ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Այս պահին այլ գնահատականներ չեմ կարող անել», -ասաց փաստաբանը:

InfoPort.am-ի հարցմանն ի պատասխան, Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հաստատեցին, որ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և վարույթն իրականացնող մարմինը քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` քրեական գործով մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին և նրանց պաշտպաններին։

«Գործի նյութերը տրամադրվել են կողմերին` ծանոթանալու համար»,- ասացին ՀՔԾ-ից:

Ըստ աղբյուրի, քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձանց, այդ թվում՝ Սերժ Սարգսյանին և Բարսեղ Բեգլարյանին: Մասնավորապես, ըստ պաշտոնական հաղորդագրության, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Նրան մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

  • Կիսվել: