կիրակի, մայիս 16
16 / 5 / 2021
ՍԴ-ում պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ

ՍԴ-ում պետբյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ

2020 թվականի առաջին կիսամյակում հունվար-հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 8․4 մլն դրամ, տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:

«Երկրորդ կիսամյակում հուլիս-օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված  պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները և Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որևէ դրամական պարգևատրում։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին և աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգևատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43․2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4․4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգևատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։

331․3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337․6 հզ դրամը  նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի և 1․4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգևատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50-100%-ի չափով։

Բացի դրանից, 2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին և աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաև աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգևավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23․5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին և դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգևավճար չի հատկացվել։

Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721․2 մլն դրամ, որից 491․4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140․4 մլն դրամը՝ պարգևատրումների համար»,- տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղարը։

 

  • Կիսվել: