երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՍԴ նախագահի, փոխնախագահի ու այլ դատավորների համար սահմանված հավելումները կնվազեն

ՍԴ նախագահի, փոխնախագահի ու այլ դատավորների համար սահմանված հավելումները կնվազեն

Հայաստանում նախատեսվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցողների համար հաշվարկվող լրացուցիչ աշխատավարձը՝ հավելումը, նվազեցնել՝ բազային աշխատավարձի բարձրացման չափով, նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը:

«Ըստ առաջարկի՝ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար մինչև այդ սահմանված 80 տոկոս հավելումն առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձանց խմբում նվազեցվում և սահմանվում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար մինչև այդ սահմանված 70 տոկոս հավելումը՝ իբրև նույն խմբի պաշտոն զբաղեցնող անձ, նվազեցվում և դարձվում է 60 տոկոս», - ասաց Քալաշյանը:

 

Նա նշեց, որ Վերաքննիչ քրեական դատարանի, Կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների և Վերաքննիչ քաղաքացիական դատարանի քաղաքացիական դատավարության կարգով պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության հայցերով և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի հիման վրա գույքի բռնագանձման հայցերով հարուցված քաղաքացիական գործեր քննող առանձին դատավորների համար սահմանված 60 տոկոս հավելումը նվազեցվում և դարձվում է 55 տոկոս: Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը նվազեցվում և դարձվում է 92 տոկոս: Հակակռուպցիոն կոմիտեի ծառայողների համար մինչև այդ սահմանված 100 տոկոս հավելումն առաջարկվում է նվազեցնել՝ դարձնելով 92 տոկոս: Այս նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թվականին նվազագույն աշխատավարձը բարձրացվում է՝ դառնալով 75 հազար դրամ, ինչը հանգեցրել է նրան, որ կառավարության կողմից առաջարկված Պետբյուջեի մասին նախագծով բազային աշխատավարձը սահմանվել է 83 հազար 200 դրամ, որը համապատասխանում է Վարձատրության մասին օրենքով սահմանված կանոնին, այն է՝ բազային աշխատավարձը պետք է կազմի նվազագույն անվանական ամսական աշխատավարձի 80-100 տոկոսը:

«Սա հանգեցնելու էր նրան, որ բոլորի աշխատավարձերը բազայինի համամասնությամբ պետք է բարձրանային: Եվ որպեսզի այս հավելումներով պայմանավորված՝ լրացուցիչ աշխատավարձի և հիմնական աշխատավարձի համախառն եկամտով խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանար, կառավարության կողմից այս առաջարկն է ներկայացվում», - ասաց Քալաշյանը:

Նա նշեց, որ այդ նվազեցումներն առնվանզ չեն հանգեցնում վերոնշյալ պաշտոնները զբաղեցնող անձանց համախառն եկամտի նվազեցմանը: Հավելումների նվազեցման արդյունքում ամսական աշխատավարձի ընդհանուր չափը, որպես կանոն, մնում է նույնը:

  • Կիսվել: