չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
ՍԴ-ի առաջին առաքելությունն է լինել Սահմանադրության հիմքում ընկած՝ երկրի սահմանադրական կարգը որոշող արժեքների պահապանը. Դավիթ Խաչատուրյան

ՍԴ-ի առաջին առաքելությունն է լինել Սահմանադրության հիմքում ընկած՝ երկրի սահմանադրական կարգը որոշող արժեքների պահապանը. Դավիթ Խաչատուրյան

ՍԴ դատարանի դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանն իր ելույթում առանձնացրեց այն ելակետային սկզբունքները, որ կանխորոշում են ՍԴ-ի առաքելությունը և որոշումների կայացման մեթոդը: Դրանք են ժողովրդավարական լեգիտիմության և իրավական լեգիտիմության սկզբունքները, դատական իշխանության ինստիտուցիոնալ և դատավորների անհատական անկախությունը:

Նրա խոսքով՝ այդ անկախությունը կարող է գոյություն ունենալ և հնարավոր է բացառապես ժողովրդավարության պայմաններում, այսինքն՝ այն դեպքում, երբ երկրում գործում է սահմանադրի, ժողովրդի կողմից ազատ և արդար ընտրությունների արդյունքում ընտրված իշխանություն, և այդ իշխանությունն ունի սահմանադրին ներկայացնելու վստահությունը, և պարտավոր է ազատ և արդար ընտրությունների արդյունքում այդ վստահությունը կորցնելու դեպքում լուռ հեռանալ, և միաժամանակ պարտավոր է իրացնել այդ լեգիտիմությունը՝ այդ վստահությունը վայելելու ամբողջ ժամանակահատվածում:

Խաչատուրյանն իր ելույթում խոսեց նաև իշխանության ձևավորման գործում Սահմանադրական դատարանի ունեցած դերակատարման մասին, քանի որ ՍԴ-ին է պատկանում վերջնական խոսքը օրենսդիր, ուստի և գործադիր իշխանության ձևավորման օրինականության հարցում, ապա բուն Սահմանադրության հիմքում ընկած մոտեցումների  մասին՝ հաշվի առնելով այն, որ ՍԴ-ն է վերջապես վերջնականապես ասում, թե ինչ է ասում Սահմանադրությունը:

Նրա խոսքով՝ ՍԴ-ն ոչ միայն պետք է երաշխավորի սահմանադրի, ժողովրդի կամքի ճշգրիտ արտացոլումն ընտրության արդյունքներում և չեղարկի այլ չընտրություն, այլև իր անկախությամբ, հեղինակությամբ և դատավորների անխոցելիությամբ ի սկզբանե բացառի գործադիր իշխանության կողմից ընտրությունները կեղծելու ցանկացած գայթակղություն:  ՍԴ-ի առաջին առաքելությունն է՝ լինել Սահմանադրության հիմքում ընկած՝ երկրի սահմանադրական կարգը որոշող արժեքների պահապանը, որի իրականացման ուղղությամբ նրա թիվ մեկ պարտականությունն է՝ լինել կազմով ու որոշումներով առնվազն այնպիսին, որ կանխի այդ կարգը տապալելուն ուղղված առաջին հերթին՝ գործադիր իշխանության մոտ ցանկության անգամ ձևավորումը:

«Առաջին ելակետային սկզբունքը, որով պետք է առաջնորդվի Սահմանադրական դատարանը Սահմանադրությունը մեկնաբանելիս, դա ժողովրդավարական լեգիտիմության սկզբունքն է, մյուս կարևոր ելակետային սկզբունքը իրավական լեգիտիմության սկզբունքն է»,- ընգծեց բանախոսը:

  • Կիսվել: