շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ի՞նչ հերթականությամբ կառաջադրվեն ՍԴ դատավորները

Ի՞նչ հերթականությամբ կառաջադրվեն ՍԴ դատավորները

«Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթով նախատեսվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը։ Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Ըստ նրա, առաջադրումները կատարվելու են հետևյալ հերթականությամբ. առաջին առաջադրումը կատարվելու է կառավարության կողմից, երկրորդը՝ հանրապետության նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

«Այս փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե հերթականությունները պահպանվեն գործող խմբագրությամբ, ինչպես սահմանված է, այն է՝ Հանրապետության նախագահ, Դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն, կխախտվի Սահմանադրության 166-րդ հոդվածի առաջին մասի պահանջը»,- ասաց Սուրեն Գրիգորյանը

Միևնույն ժամանակ, ըստ նրա, առաջարկվող նախագծով ուղղակիորեն ամրագրվում է, որ չնայած սահմանված հաջորդականությանը, առաջադրող մարմնի կողմից առաջադրում չի կատարվում, եթե կորնկրետ մարմնի կողմից առաջադրված և կոնկրետ պահին պաշտոնավարող դատավորների թիվը հավասար է երեքի։

Ուժը կորցրած է ճանաչվում նաև 17-րդ հոդվածի 5-րդ մասը, որը նախատեսում է միաժամանակյա մի քանի թափուր պաշտոնի առաջադրման դեպքում համալրման ընդհանուր կանոնը։

Նախագծով փոփոխություններ ու լրացումներ են կատարվում նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 88-րդ հոդվածում, որի անհրաժեշտությունը, ըստ Սուրեն Գրիգորյանի, պայմանավորված է 2020 թվականի հունիսի 22-ին ԱԺ կողմից ընդունված և հունիսի 26-ից ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխությունների 213-րդ հոդվածով կատարված փոփոխություններով։

«Նախ այս հոդվածով ուժը կորցրած են ճանաչվում այն բոլոր դրույթները, որոնք ի սկզբանե դատավորներին հնարավորություն էին ընձեռում գնալ, այսպես կոչված, վաղ կենսաթոշակի։ Հոդվածում կատարվում են հետևյալ լրացումները՝ ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետն ավարտելու հիմքով, վերջիններիս նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով»,- ընդգծեց պատգամավորը։

Ամրագրվում է նաև, որ ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ կազմի համալրումից հետո 10 օրյա ժամկետում։

«Հաշվի առնելով, որ ՍԴ երեք անդամները, որոնց լիազորությունները դադարել են վերջին Սահմանադրական  փոփոխություններով, ընթացիկ վարույթ գործեր ունեն, նախատեսվում է այդ դեպքում սահմանված ժամկետում հրավիրել աշխատակարգային նիստ, որպեսզի իրենց մակագրված գործերը վերամակագրվեն, և նոր զեկուցողներ սահմանվեն»,- ընդգծեց Սուրեն Գրիգորյանը:

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով էլ, ըստ նրա, նախատեսված է կենսաթոշակ նշանակել Սահմանադրական դատարանի անդամներին, դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետն ավարտվելու հիմքով:

  • Կիսվել: