Սամվել Վարդանյանը կտտանքների է ենթարկվել՝ լինելով ոստիկանության մեքենայում. ի՞նչ կա քննությունից.Մամիջանյանը՝ նախարարին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն, այսօր Երեւանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ բարձրացրեց ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ոստիկանական կտտանքների հարցը:
Նա դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ ասաց. «Իրավիճակը ինչպիսի՞ն է, երբ խոսքը այն ոստիկանների նկատմամբ ներքին քննությունների մասին է, որոնք իմ կարծիքով անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցադրումների նկատմամբ։ Ի՞նչ իրավիճակ է Սամվել Վարդանյանի գործով, ով կտտանքների է ենթարկվել դիմակավորված մարդկանց կողմից, երբ գտնվում էր ոստիկանության մեքենայի մեջ»:
Ի պատասխան ՆԳ նախարարն ասաց. «Կարծում եմ՝ հստակ է նախարարության լիազորությունների շրջանակը: Ես առիթ ունեցել եմ տարբեր քննարկումներին այս հարցադրումներին անդրադառնալու ևս: Ցանկացած ուժի կիրառման ստանդարտից շեղման կամ մեր ընկալումներով ոչ համաչափ ուժի կիրառման ցանկացած դեպքում միանշանակ է, որ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից հարուցվում են ծառայողական քննություններ։ Բայց ըստ նույն Ազգային ժողովի կողմից ընդունած օրենսդրական նախաձեռնությունների՝ այս կարգապահական վարույթները կասեցվում են, երբ կա նախաձեռնված քրեական վարույթ, քանի որ քրեական վարույթն է այն պատշաճ ինստիտուտը, որ որ պիտի տա այս հարցի օբյեկտիվ պատասխանը։
Եվ թե հավաքների ազատության իրավունքի կոնտեքստում ձեր նշած դեպքերի մասով, և թե նաև Սամվել Վարդանյանի կոնկրետ գործի մասով, բոլոր դեպքերով արդեն Քննչական կոմիտեում նախաձեռնված են քրեական վարույթներ: Ես չեմ հավակնի որևէ ձևով գնահատականներ տալ այդ դեպքերին, քանի որ լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ, ես հասկանում եմ իմ գործառույթների սահմանը և քննչական կոմիտեն է, որ որ անկախ, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պիտի տա այս հարցերի պատասխանը։
Քննչական կոմիտեն կարծում եմ պատեհ պահի հանդես կգա համապատասխան հայտարարություններով, որովհետև որևէ կաշկանդվածություն դեպքերի մասով չկա»: