շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սամվել Մայրապետյանը կկալանավորվի. դատարանի որոշումը

Սամվել Մայրապետյանը կկալանավորվի. դատարանի որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ այսօր՝ մարտի 9-ին, գործարար Սամվել Մայրապետյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՔԾ-ի լրատվության ծառայությունից։

Սամվել Մայրապետյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ինչպես նաեւ որոշում էր կայացվել որպես անձնական երաշխավորություն մուծված գումարը պետական եկամուտ դարձնելու մասին։

Հիշեցնենք՝ մարտի 3-ին Սամվել Մայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել է, և ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Սամվել Մայրապետյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: ՀՔԾ-ից հայտնել էին, որ Սամվել Մայրապետյանը վարույթն իրականացնող մարմնի կանչով խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, իսկ նրա անձնական երաշխավորությունն ստանձնած անձինք չեն կարողացել ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:

Մայրապետյանի համար անձնական երաշխավորություն ներկայացրած երկու հայտնի անձինք նախաքննական մարմնի դեպոզիտ հաշվին փոխանցել էին 15-ական միլիոն դրամ:

Մայրապետյանը մեղադրվում է 7 միլիոն դոլար կաշառք ստանալուն օժանդակելու մեջ: Նրա նկատմամբ վարույթն սկսվել էր մեկ այլ գործարար Սիլվա Համբարձումյանի հաղորդման հիման վրա, որի համաձայն, իքնը տարիներ առաջ Մայրապետյանին 7 միլիոն դոլար է տվել, որպեսզի վերջինը այն փոխանցի Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և Արմեն Գևորգյանին։

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ էր արձակվել կալանքից՝ հաշվի էր առնվել նրա առողջական վիճակը:


Սամվել Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

  • Կիսվել: