շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ-ը՝ Բրազիլիայի դեսպանին

Սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է. ՄԻՊ-ը՝ Բրազիլիայի դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հունիսի 27-ին, ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ից:

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության առաջնահերթությունները՝ ընդգծելով, որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ ամբողջ աշխարհն ապրում են մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, որտեղ օրախնդիր է առավել հետեւողական եւ ջանասիրաբար պաշտպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

Պաշտպանը հատուկ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին, Սյունիքի, Գեղարքունիքի մարզեր, Երասխ համայնք իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքներին՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։ Այս համատեքստում Պաշտպանը նշել է, որ սահմանամերձ շրջաններում խախտվում են կյանքի, ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, կրթության, ազատ տեղաշարժի, ինչպես նաեւ այլ հիմնարար իրավունքներ։

Կողմերը քննարկել են նաեւ Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով ստեղծված հումանիտար իրավիճակը՝ արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը պարարտ հող է նախապատրաստում մարդու հիմնարար իրավունքների շարունակական խախտումների համար:

Իր հերթին Ֆաբիո Վազ Պիտալուգան բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Անահիտ Մանասյանի կողմից իրականացվող աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ եւ կառուցողական համագործակցությունը:

  • Կիսվել: