ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին

Ռուբեն Վարդազարյանի հարցով որոշումը կհրապարակվի հուլիսի 26-ին

Բարձրագույն դատական խորհուրդն իր այսօրվա՝ հուլիսի 12-ի նիստում ավարտեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հարցի քննությունը եւ անցավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հունիսի 26-ին, ժամը 15.00-ին:

Նշենք, որ ինքը Ռուբեն Վարդազարյանը նիստին չէր մասնակցում:

Նիստից հետո ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԲԴԽ նախորդ նիստի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից լրացուցիչ բացատրություններ էին ներկայացվել խորհրդին. «Քանի որ պարոն Վարդազարյանը չի մասնակցում նիստին, այդ լրացուցիչ բացատրություններն ստանալու եւ դրանց վերաբերյալ կարծիք ստանալու հնարավորություն տալու համար մենք մեկ շաբաթով հետաձգեցինք նիստը, որպեսզի նյութերն ուղարկենք իրեն, եւ եթե ինքը լրացուցիչ բացատրություններ կամ ապացույցներ կցանկանա ներկայացնել, մինչեւ այսօր ներկայացներ: Քանի որ ոչինչ չի  չի ներկայացրել, մենք ավարտեցինք դատական պրոցեսը:

Հենց սկզբից Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ չի մասնակցելու նիստերի եւ ասել է, որ եթե իր հետ կապված կլինեն հարցեր, գրավոր ուղարկենք, որ գրավոր պատասխանի: Քանի որ դատական օրենսգիրքը չի նախտեսում նման գործընթաց, նաեւ վարչական դատավարության օրենսգիրքը նման բան չի նախատեսում, մենք այդ տարբերակը կիրառել չենք կարող»,-ասաց Բեքմեզյանը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասի (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու) հատկանիշներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ առանց նրա անձեռնմխելիության հաղթահարման՝ նախկին դատավոր, ԱԱԾ տնօրենի նորանշանակ տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

  • Կիսվել: