Ռուբեն Մխիթարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան
Ռուբեն Մխիթարյանին հարցաքննության էին կանչել վկայի դատավարական կարգավիճակով. Մխիթարյանը, օգտվելով լռելու իրավունքից՝ ողջամտորեն ենթադրելով, որ իր կողմից տված տեղեկատվությունը կարող է օգտագործվել իր դեմ, հրաժարվեց ցուցմունք տալուց։ Այս մասին այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Վարչական վարույթը վերաբերում է 2024 թվականի մայիսին տեղի ունեցածին։ Այս պահին կդժվարանամ ասել՝ քրեական կոմպոնենտ կա թե ոչ։ Եթե հստակ քրեական կոմպոնենտ լիներ, իմ պաշտպանյալը մեղադրյալի կարգավիճակ կունենար։ Ենթադրում եմ, որ եթե Ռուբեն Մխիթարյանը չլիներ, առհասարակ հարցաքննության չկանչեին։ Մենք «խնդրեցինք», որ մեզ քարոզարշավի ժամանակահատվածում չանհանգստացնեն, նրանք էլ խոստացան չանհանգստացնել»:
Իր հերթին Ռուբեն Մխիթարյանն էլ ասաց, որ տեղի ունեցողն իշխանություննների կողմից իր դեմ ուղղված քաղաքական ակցիա է։
«Հետաքրքիր է անցնում քարոզարշավը։ Մարտուն Գրիգորյանին կզգուշացնեմ, որ զգույշ լինի, որովհետև կարծում եմ՝ կհիշեն, որ օրինակ Մարտուն Գրիգորյանը 11 տարեկանում հեծանիվով անցել է կարմիր լույսի տակով։ Եթե քաղաքական ընտրություններ չլիներ, գերագույն գլխավոր ղժղժը չէր գա Գյումրի, լաչառություն չէր անի, հիմա էլ չէր զանգի ասեր՝ մի բան գտե՛ք թալանից»,-հավելեց նա և ասաց, որ այսօր հարցաքննության պատճառով քարոզարշավ տեղի չի ունեցել, սակայն վաղվանից այն շարունակվելու է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու մարտի 30-ին։