ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուբեն Հայրապետյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում․ Փաստաբան

Ռուբեն Հայրապետյանի հետապնդումը քաղաքական բնույթ է կրում․ Փաստաբան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ստացել է Քննչական կոմիտեի եզրակացությունը, որը լիովին արդարացնում է իր պաշտպանյալին։

Փաստաբանը հիշեցրեց 2019 թվականի վերջի իրավիճակը, երբ ոստիկանությունը լայնածավալ հետապնդում սկսեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, խուզարկություններ կատարվեցին, ընդ որում՝  հատուկ ջոկատայինների մասնակցությամբ Հայրապետյանի տանը, նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, կահույքի արտադրամասում եւ եւս երեք մարդու բնակարաններում։ Հայրապետյանը մեղադրվում է չարաշահումների կազմակերպման եւ 562 մլն դրամի յուրացման մեջ՝ իբր նշված գործարանի կառուցման ընթացքում։ Գույքը դեռ կալանքի տակ է, խախտված են գործում ներգրավվածների իրավունքները,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ գործով անցնող Կարեն Մկրտչյանը մեկ ամիս մնացել է կալանքի տակ, Վահագն Դավթյանը կալանավորվել է, բայց հետո ազատ է արձակվել գրավի դիմաց, Արմեն Մինասյանը նույնպես գրավի դիմաց ազատ է արձակվել։

Գործը հարուցվել է 2019 թվականի դեկտեմբերի 12-ին ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության նախաձեռնությամբ։ Ավելի քան երկու տարի քրեական հետապնդում է իրականացվում: Մակինյանը պարզաբանեց, որ թեեւ գործը հարուցվել է ՀՖՖ նախկին նախագահի մեքենայությունների փաստով, սակայն անձամբ Հայրապետյանին մեղադրանքը տարօրինակ կերպով ձեւակերպված չէ:
Փաստաբանի խոսքով՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Հայրապետյանը ոչ միայն չի յուրացրել գումարը, այլեւ իրեն դեռ պարտք են։ «Երեկ մեզ պաշտոնապես փոխանցվեց Քննչական կոմիտեի փորձագետի եզրակացությունը, որով հաստատվում է, որ Ռուբեն Հայրապետյանի եւ մյուսների նկատմամբ երկու տարվա գործողությունները բացարձակապես անօրինական էին։ Փորձագետներն արձանագրել են, որ այս պահին ՀՖՖ-ն Հայրապետյանին պատկանող ընկերությանը պետք է եւս 84 մլն 325 հազար դրամ վճարի:

Սա Հայրապետյանի նկատմամբ առաջին գործն է։ Նույն ճակատագրին կարժանանան մյուս գործերը, վստահ է փաստաբանը։ Նրա խոսքով՝ վերոնշյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է հնարավորինս շուտ դադարեցվի։ «Սպասում ենք նաեւ ոստիկանության արձագանքին նշվածի, ինչպես նաեւ Ռուբեն Հայրապետյանի բարի համբավի վերականգնման վերաբերյալ»,- ասաց փաստաբանը՝ հիշեցնելով, որ Հայրապետյանին ապօրինաբար թույլ չեն տվել հեռանալ երկրից։ Նա նաեւ ընդգծեց, որ իր պաշտպանյալի մոտ հայտնաբերված ենթադրյալ ապօրինի զենքն օրինական հիմքով է պահվել։

Փաստաբանը հետաքրքրվեց նաեւ, թե ով պետք է հատուցի գործով ամբաստանյալներին պատճառված վնասն ապօրինի հետապնդման համար։ «Այս ամենը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում»,- ասաց Մակինյանը։

  • Կիսվել: