ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով պաշտպանները կրկին բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով պաշտպանները կրկին բացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նոր պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց ԵԴ/0253/01/19 քրեական գործով դատավարության նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
 
Պաշտպանը հիշեցրեց, որ մեկ այլ քրեական վարույթով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Աննա Դանիբեկյանի բժշկական գաղտնիքը հրապարակելու վերաբերյալ քրեական գործին։
 
Բացի այդ, ըստ Կոչուբաևի, դատավոր Դանիբեկյանն ունի ակնհայտ կանխակալ վերաբերմունք իր նկատմամբ և չի կարող լինել օբյեկտիվ։
 
Կոչուբաևը նաև տեղեկացրեց, գործի նյութերն իրեն տրամադրվել են ոչ ամբողջությամբ, իսկ այդ տրամադրված ծավալին՝ 75 հատոր, ծանոթանալու համար հատկացվել է ընդամենը 7 օր։
 
Բացարկի միջնորդություն է պատրաստվում ներկայացնել նաև պաշտպան Լուսինե Սահակյանը։
 
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միացան ներկայացված միջնորությանը։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատավարության ընթացքում ակնհայտ է եղել դատավորի սուբյեկտիվ վերաբերմունքը Արմեն Գևորգյանի նկատմամբ։
 
Նրա խոսքով՝ դատավարության մասնակիցները տեսել են դատավորի որոշումներն ու գործողությունները, որոնք ակնհայտորեն սահմանափակել են Գևորգյանի իրավունքները։

  • Կիսվել: