շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին զինծառայողի սպանության գործով 5-20 տարվա ազատազրկման են դատապարտվել 9 հայեր

ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին զինծառայողի սպանության գործով 5-20 տարվա ազատազրկման են դատապարտվել 9 հայեր

Մոսկվայի շրջանային դատարանը 2019 թվականի ամռանը ՌԴ գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինի սպանության քրեական գործի շրջանակում հրապարակել է ինը մեղադրյալի դատավճիռները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ առավելագույն ժամկետը, այն է՝ 20 տարի ազատազրկում, ստացել է Սերգեյ Խոջոյանը, որը դանակով մահացու հարված է հասցրել Բելյանկինին։

Եղբայրներ Համլետ և Հրանտ Հայրապետյանները, որոնք, դատարանի որոշմամբ, սպանության պահին պահել են Բելյանկինին, ինչպես նաև «ակտիվորեն մասնակցել» երկու ռեանիմատոլոգների ծեծի ենթարկելուն, համապատասխանաբար դատապարտվել են 17 և 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում։

Նվազագույն պատիժը՝ 5 տարի ընդհանուր ռեժիմի գաղութում, ստացել է Նարեկ Ստեփանյանը, իսկ Արթուր Հակոբյանը, Դավիթ Եղիազարյանը, Սուրեն Մարկոսյանը, Ռուդիկ Մանուկյանը, Սահակ Սահակյանը դատապարտվել են 5,5-ական տարվա ազատազրկման։

Դատապարտյալներից մեկի փաստաբան Նարեկ Կոստանյանը ՏԱՍՍ-ին տեղեկացրել է, որ մեղադրյալների պաշտպանության ներկայացուցիչները կբողոքարկեն դատավճիռը։

Հաղորդվում է նաև, որ հետաքննության և դատարանի կողմից հաստատվել է, 2019 թ. հունիսի 1-ին մերձմոսկովյան Կրասնոգորսկի Պուտիլկովո գյուղում  սրճարանի տնօրեն Գուրգեն Աղայանը անհիմն պահանջել է, որ երկու այցելուներ՝ ռեանիմատոլոգներ, հեռանան հաստատությունից։ Կոնֆլիկտի մեջ են մտել ևս 9 հոգի, որոնք ալկոհոլային ազդեցության տակ մոտեցել են սրճարանին և ծեծկռտուք սկսել։

Քննչական կոմիտեից հայտնել են. «Գլխին ուժեղ հարված ստանալով՝ տղամարդկանցից մեկը կորցրել է գիտակցությունը և ընկել, երկրորդը փորձել է դիմադրել, սակայն դանակով վիրավորվել է որովայնից և արյունահոսելով պառկել, մինչդեռ չորս հոգի շարունակել են հարվածել նրան, իսկ յոթը շրջապատել են նրանց՝ թույլ չտալով հեռանալ դեպքի վայրից: Ծեծկռտուքը նկատել է ԳՀՎ հատուկ նշանակության ջոկատի նախկին զինծառայող Նիկիտա Բելյանկինը, որը, տեսնելով հակառակորդների անհավասար ուժերը, բղավել է խուլիգանների վրա և տրավմատիկ ատրճանակից օդ կրակել՝ պահանջելով կանգ առնել ու վերջ տալ անօրինական գործողություններին»։

Կնֆլիկտի մի քանի մասնակիցներ, ինչպես հետևում է մեղադրական եզրակացությունից, վազել են Բելյանկինի մոտ և սկսել են միաժամանակ բազմաթիվ հարվածներ հասցնել նրան, սակայն նա նրանց ակտիվ դիմադրություն է ցույց տվել։ Եղբայրներ Համլետ, Հրանտ և Հովհաննես Հայրապետյանները  բռնել են Բելյանկինին՝ շարունակելով հարվածել, իսկ Սերգեյ Խոջայանը դանակով հարվածել է սրտի շրջանում։ Մնացած տղամարդիկ շրջապատել են տուժածներին և թույլ չեն տվել հեռանալ դեպքի վայրից։

  • Կիսվել: