ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյան պարբերաբար կաշառք է ստացել․ քրգործ է հարուցվել

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյան պարբերաբար կաշառք է ստացել․ քրգործ է հարուցվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պաշտոնատար անձի` Ն. Բ.-ի կողմից ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունների աշխատակիցներից և վարորդներից պարբերաբար կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր:

 

Մասնավորապես, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ն. Բ.-ն 2021թ. հուլիսին Լոռու մարզում ուղևորափոխադրման ծառայություններ իրականացնող ՍՊ ընկերության տնօրեն Է. Ս.-ի, ապա վերջինիս միջոցով նաև Տաշիրի ավտոկայանի ենթակարգավար Ռ. Ս.-ի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն՝ հիշյալ ընկերության վարորդների կողմից թույլ տրված խախտումների փաստերը չարձանագրելու համար ամսական 20.000-ական ՀՀ դրամ կաշառք ստանալու վերաբերյալ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2021թ. օգոստոսից 2022թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Ռ. Ս.-ն վարորդներից հավաքագրել է որոշակի չափով գումարներ և Ն. Բ.-ի պահանջով յուրաքանչյուր ամիս 20.000 ՀՀ դրամ տվել վերջինիս որպես կաշառք:

 
 

Բացի այդ, Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների երկու վարորդների օգտին ակնհայտ ապօրինի անգործության, այն է` ստուգումների ժամանակ հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց Ռ. Ս.-ից պահանջել և երկու դեպքում ստացել է ընդհանուր 70.000 ՀՀ դրամի կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Ն. Բ.-ն Լոռու մարզում ուղևորափոխադրումներ իրականացնող մեկ այլ ընկերության և ընկերության վարորդ Ա. Տ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության, այն է՝ ստուգումների ժամանակ խախտումներ չհայտնաբերելու և հայտնաբերված խախտումները չարձանագրելու դիմաց նրանից ևս պահանջել և 2021թ. հոկտեմբերին ստացել է կաշառք: Այնուհետև, տեղեկանալով, որ հիշյալ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է սահմանված կարգի խախտմամբ՝ դեղին համարանիշերի փոխարեն այլ հաշվառման համարանիշերով, խախտումը չարձանագրելու և տրանսպորտային միջոցի անօրինական շահագործումը չկասեցնելու համար նրանից 2021-2022թթ. ընթացքում ստացել է 40.000 ՀՀ դրամ կաշառք:

  • Կիսվել: