կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քրեական պատասխանատվություն է սահմանվում ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար․ օրենք

Քրեական պատասխանատվություն է սահմանվում ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար․ օրենք

Հայաստանի կառավարությունն առաջարկում է պատասխանատվություն սահմանել ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար։ Փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, այս մասին ասաց արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

Մասնավորապես, քրեորեն պատժելի են համարվելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունները՝ բռնության կամ դրա կիրառման սպառնալիքի միջոցով, ինչպես նաեւ ինքնիշխանությունից հրաժարվելու հրապարակային կոչերը։

Գործող օրենսդրությունը նման արարքների համար քրեական պատասխանատվություն չի նախատեսում։ «Փոփոխության ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամբողջական կամ մասնակի սահմանափակմանն ուղղված գործողությունները պատժվում են  10-ից 15 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- ասաց փոխնախարարը։

Ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար նախատեսված են տարբեր տեսակի պատիժներ՝ տուգանքից կամ 2 ամսով կարճ կալանքից մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկում։ «Նման կոչերի համար ստեղծագործությունների, լրատվամիջոցների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը, պատժվում է 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկմամբ»,- մանրամասնեց Բալյանը։

Այդուհանդերձ, պատգամավորների, մասնավորապես, ընդդիմադիրների մոտ բազմաթիվ հարցեր առաջացան։ Նրանց կարծիքով՝ օրինագիծը լղոզված է եւ լուրջ վերանայման կարիք ունի։ «Այն, որ այստեղ խառնաշփոթ է առաջացել, ակնհայտ է բոլորի համար։ Այս հարցում բոլորս համակարծիք ենք...

Միգուցե ավելի լավ կլիներ, եթե հետ կանչեիք օրենքի նախագիծը եւ լրացնեիք... Եթե դուք, պարոն Բալյան, այս օրենսդրական նախաձեռնության համահեղինակը չեք եւ ի վիճակի չեք պատասխանել մեր հարցերին՝ տալով հստակ եւ կոնկրետ պարզաբանումներ, ապա՝ ի՞նչ եք անում այստեղ... Թող այստեղ գա հեղինակը ու ամեն ինչ պարզաբանի»,- ասաց «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

  • Կիսվել: