Քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ևս մեկ անդամ կալանավորվել է, իսկ պարագլխի` «Էրո Տոմսկիի» նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ դատախազության և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ, շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական գործողություններ և անհրաժեշտ միջոցառումներ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման երեք անդամի նկատմամբ ավելի վաղ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբև որպես խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը։
Նախաքննության ընթացքում քրեական ենթամշակույթ կրող հանցախմբի անդամներից մեկը՝ Վ.Մ.-ն, ներկայացել է Քննչական կոմիտե, ձերբակալվել, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը։
Հանցախմբի պարագլուխ, Իսպանիայի Թագավորությունում գտնվող «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Է.Ջ.-ի նկատմամբ ևս հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: