կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՔՊ գրասենյակի մոտից քաղաքացուն բերման ենթարկեցին

ՔՊ գրասենյակի մոտից քաղաքացուն բերման ենթարկեցին

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել էր ՔՊ գրասենյակ, որտեղ հանդիպում էր տեղի ունենում Փաշինյանի ու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների միջև, քննարկվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքային իշխանությունից հեռացնելու հարցը։ 

Նշենք, որ Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ՔՊ գրասենյակի շենքից՝ անպատասխան թողնելով լրագրողների հարցերը: 

Շենքի մոտ լրագրողներից բացի՝ հավաքված էին նաև քաղաքացիներ, որոնցից մեկը, տեսնելով Փաշինյանին, բղավեց. ՛՛Սուրեն Պապիկյանին ռադ արեք, ռադ արեք Սուրեն Պապիկյանի՛՛: Գոռացող քաղաքացուն բերման ենթարկեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է անցկացնելու Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ։

Օրակարգում քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնության հարցն է:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախագիծը։ Այն արդեն իսկ ստացել են ավագանու ընդդիմադիր խմբակցությունները: Նախագծին միացել են ԲՀԿ-ի անդամները, «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը:

 

  • Կիսվել: