երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

Քննություն է տարվում՝ պարզելու բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացուն մարմնական վնասվածք պատճառելու դեպքի հանգամանքները

2020 թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտային հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան դիտավորյալ վարել է նույն հատվածում բողոքի ակցիա իրականացնող անձանց վրա, որի հետևանքով մի քաղաքացի ստացել է ձախ ոտքի կոտրվածք։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված մեքենայի վարորդի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1985 թ.:

Բժշկի կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ տուժած քաղաքացու մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի փակ կոտրվածք, ոսկրաբեկորների տեղաշարժով» մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ 2020 թ.  դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով, որը դեկտեմբերի 16-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաբժշկական  փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: