հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Քննչական կոմիտեն պարզել է երիտասարդի՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքները

Քննչական կոմիտեն պարզել է երիտասարդի՝ հրազենային ծանր վնասվածքներ ստանալու հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է 27-ամյա երիտասարդի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին տեղեկացնում է, որ քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2020թ. մարտի 9-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովա հրապարակի հարակից այգում վիճաբանություն է տեղի ունեցել նույն քաղաքի 27-ամյա բնակչի և Երևան քաղաքում բնակվող, 1993թ. ծնված երիտասարդի միջև, որի ժամանակ վերջինս, մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերած, պահած 9մմ տրամաչափի «Մակարով» տեսակի ակոսափող ատրճանակով, կրակ է արձակել Ալավերդի քաղաքի 27-ամյա բնակչի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս, և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը և պահունակում առկա ռազմամթերք հանդիսացող 4 հատ փամփուշտները հայտնաբերվել ու վերցվել են հիշյալ այգու հարևանությամբ գտնվող թաքստոցից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

  • Կիսվել: