ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվել են ԵԽ կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մանրամասները

Քննարկվել են ԵԽ կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մանրամասները

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը ապրիլի 20-ին ընդունել են Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության, Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակության կազմում են եղել Մարդու իրավունքների Թրանսվերալ մարտահրավերների բաժնի ղեկավար Ջեննիֆեր Շուտց-Ռեյմանը, Մարդու իրավունքների Թրանսվերսալ մարտահրավերների բաժնի ծրագրերի համակարգող Աննա Մարիա Ռոխանը և Երևանում ԵԽ գրասենյակի Ազգային ծրագրերի համակարգող, «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի ղեկավար Արմեն Գրիգորյանը:

Հանդիպման ընթացքում Եղիազար Ավագյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի բարեփոխումների և քրեական արդարադատության ոլորտներում:

Հանդիպմանը քննարկվել են Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» ծրագրի մեկնարկն ու դրա վերաբերյալ մանրամասները, կարևորվել է զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների կանխարգելմանը, հնարավոր խախտումների դեպքերի արդյունավետ քննությանը, դրանց բացահայտմանը միտված կարողությունների զարգացումը, նախանշվել են Ծրագրի իրագործման կոնկրետ ուղղություններն ու այդ կապակցությամբ համագործակցության առավել արդյունավետ միջոցները:

«Զինված ուժերում մարդու իրավունքների խթանումը Հայաստանում» Եվրոպայի խորհրդի ծրագիրը նախորդիվ իրականացված՝ «Մարդու իրավունքները և կանայք Հայաստանի զինված ուժերում – 2-րդ փուլ» ծրագրի շարունակությունն է:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ծրագրի շրջանակներում կարիքների գնահատում իրականացնելու անհրաժեշտությունը, որի արդյունքներով կկանխորոշվեն Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը և դրա տեղայնացումը հատկապես դատախազական և քննչական պրակտիկայում:

ԵԽ Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը ընդգծել է Դատախազության հետ տարբեր ծրագրերի շրջանակում համագործակցության կարևորությունը և նշված հարցերով համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Դատախազության 105-ամյակի շրջանակում համատեղ միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր:

 

  • Կիսվել: