շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր. Կամո Ցուցուլյանն ընդունել է Մայքլ Վեներդիին

Քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման հարցեր. Կամո Ցուցուլյանն ընդունել է Մայքլ Վեներդիին

Հունվարի 22-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ընդունել է ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությանը։
 
Փրկարար ծառայության տնօրենը շարունակական աջակցության համար շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ բարձր գնահատելով Փրկարար ծառայության և ԱՄՆ Կանզասի Ազգային գվարդիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Կամո Ցուցուլյանն անդրադարձել է համատեղ իրականացվող ուսումնավարժանքների արդյունավետությանը, Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության առաջնահերթություններին և ճգնաժամային հաղորդակցության բարելավմանը։ Փրկարար ծառայության տնօրենը կարևորել է վտանգների և ռիսկերի կառավարման փուլում միջազգային գործընկերների հետ ակտիվ փոխգործակցությունը։
 
Կանզասի Ազգային գվարդիայի հրամանատարը կարևորել է գործընկերների հետ բաց հաղորդակցությունը, նշել, որ համագործակցության արդյունքում շարունակաբար զարգանում են նաև ազգային գվարդիայի անձնակազմի կարողությունները։ Անդրադառնալով Աղետների կառավարման ճգնաժամային կենտրոնի աշխատանքին՝ Մայքլ Վեներդին ներկայացրել է արտակարգ իրավիճակներին արձագանքելու և միջոցառումները համակարգելու վերաբերյալ սեփական փորձը։ Քննարկվել են դիմակայունության բարձրացման, աղետների վերլուծության և վարժանքների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ հարցեր։
 
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։

  • Կիսվել: