չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Վարչապետի աշխատակազմին տեղափոխող ավտոբուսի վթարի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Վարչապետի աշխատակազմի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Այս առնչությամբ ՔԿ նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պահպանելով անմեղության կանխավարկածի կանոնը՝ տեղեկացնեմ, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան պողոտայում ավտոբուսի վթարման դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով։

Նախնական տվյալներով երթևեկության ընթացքում բախում է տեղի ունեցել ուղևորափոխադրող ավտոբուսի և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի միջև, որի պատճառով ավտոբուսի վարորդը կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը և բախվել անկյունային բետոնե բաժանարարին։

Ավտովթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, ինչպես նաև 13 ուղևորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածներով տեղափոխվել են բուժհաստատություններ։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական, վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Հիշեցնենք՝ մարտի 7-ին՝ ժամը 08:35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai» մակնիշի ավտոբուսը և «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․)․ ավտոբուսը բախվել է ճանապարհի արգելապատնեշին, կան տուժածներ։

Ավտովթարից 14 տուժածներից 3-ի վիճակը ծանր է, 9-ի վիճակը՝ միջին ծանրության։

  • Կիսվել: