չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Քանի դեռ կան խնդիրներ, դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք գնալ չի կարող. Թաթոյան

Քանի դեռ կան խնդիրներ, դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք գնալ չի կարող. Թաթոյան

Ադրբեջանական իշխանություններին այսօր գերձեռնտու է ամեն-ինչ քննարկել քաղաքական-ռազմական տեսանկյունից, նրանք ոչինչ չեն քննարկում մարդու իրավունքների տեսանկյունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Քանի դեռ կան խնդիրներ, դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին խոսք գնալ չի կարող, նրանք պետք է հեռանան, մենք պետք է ապահովենք այդ անվտանգության գոտին և ոչ երբեք մեր հաշվին:

Պատկերացնենք, որ միջազգային դիտորդը, ով էլ գա և այնտեղ նստի, միևնույն է, մեր քաղաքացիների անվտանգությունը մնալու է չվերականգնված: Ես ասում եմ, որ ադրբեջանցիները ցեղասպան քաղաքականության հաշվին են եկել և հասել այնտեղ` ապօրինի կերպով, նրանք պետք է որոշակի տարածություն թողնելով գնան, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց տներից և արոտավայրերից օգտվել՛՛:

Ըստ ՄԻՊ-ի՝ Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է այնքան հեռանան, որ որևէ կապ չունենան մեզ հետ, իսկ քանի դեռ դա այդպես չէ, նրա խոսքով, քաղաքացիների այսօրվա խախտված իրավունքները չեն վերականգնվելու:

Թաթոյանն ասաց. ՛՛Մենք շարադրում ենք հստակ հայեցակարգ. անվտանգության գոտին չի ենթադրում երբեք մեր հաշվին որևէ գոտի ստեղծել, քանի որ այդ սահմանը անցնում է մեր բնակավայրերի միջով, ճանապարհներով և այլն, եթե անվտանգության գոտի եղավ մեր հաշվին, ապա մենք ունենալու ենք նոր տեղահանված մարդի՞կ՛՛:

ՄԻՊ-ը խոսեց նաև գերիների վերադարձի մասին և ասաց, որ իրենք աշխատում են ոլորտի մասնագետների հետ, միջազգային ճնշումը գերիների վերադարձի հետ կապված պետք է ավելանա:

՛՛Նրանք ասում են, որ մեր գերիներն ահաբեկիչներ են: Արցախյան հակամարտությունը դեռ չի ավարտվել, մենք ունենք զինված հակամարտություն, սա նշանակում է, որ բոլորը գերի են, առհասարակ, ադրբեջանական կողմը ասում է, որ եկել են և բնակչության նկատմամբ հանցագործություններ արել, բայց ասա՝ տո որտե՞ղ է այնտեղ ձեր բնակչությունը, հարյուրավոր կիլոմետրեր կային ձեր բնակչությունից, հիմա էլ չկա այնտեղ քաղաքացիական բնակչություն՛՛,-նշեց Թաթոյանը:

Խոսելով  վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողների մասին և ասաց, որ անձամբ խոսել է Կարմիր խաչի ղեկավարի հետ. ՛՛Անձամբ խոսել եմ 6 գերիների հարազատների հետ ևս, նրանք եղել են Կարմիր խաչում, բայց շատ մանրամասներ չեմ կարող ներկայացնել, 6 տղաների հետ կապված առանձին ենք զբաղվում՛՛:

  • Կիսվել: