հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
«Քաղաքական ենթատեքստ կա, փորձում են ցավեցնել Ծառուկյանին»․ «Օնիրա Քլաբը» դիմել է դատարան ընդդեմ ՊԵԿ-ի

«Քաղաքական ենթատեքստ կա, փորձում են ցավեցնել Ծառուկյանին»․ «Օնիրա Քլաբը» դիմել է դատարան ընդդեմ ՊԵԿ-ի

Պետական եկամուտների կոմիտեն մոտ 1.4 միլիարդ դրամի չափով հարկային նոր պարտավորություններ է ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանին առնչվող «Օնիրա քլաբ» ընկերությանը։ Վերջինը, սակայն, համաձայն չէ ՊԵԿ-ի այդ դիրքորոշմանը և այն Վարչական դատարանում բողոքարկելու գործընթաց է սկսել։

«Դիմել ենք դատարան և վիճարկում ենք իրավասու մարմնի որոշումը «Օնիրա քլաբ» ընկերությունից լիցենզիան վերցնելու վերաբերյալ», -InfoPort.am-ի հետ զրույցում ասաց ընկերության շահերը ներկայացնող փաստաբան Սմբատ Մինասյանը։

Բանն այն է, որ ՊԵԿ-ը որոշել է  չվճարած պետական տուրքերից ու տույժերից գոյացած 1 միլիարդ 379 միլիոն դրամի չափով (շուրջ 3 մլն դոլար-խմբ․) գումար գանձել «Օնիրա քլաբից»։ Վերջինը համալիր ծառայություններ է մատուծում, որի մեջ ընդգրկված է խաղատնային, ռեստորանային ու հյուրանոցային բիզնես։ Խաղատունը հայտնի «Շանգրի լա»-ն է, որի լիցենզիան Ֆինանսների նախարարության վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ ուժը կորցրած էր ճանաչվել հենց պետական տուրքը չվճարելու պատճառով։ Լիցենզիայից զրկվելուց բացի, այս ընկերությունից ՊԵԿ-ը համապատասխան ակտով չվճարած հարկերն ու տույժերն է պահանջում։

Սմբատ Մինասյանն ասաց, որ բացի ՊԵԿ-ի ակտից, Վարչական դատարանում բողոքարկում են նաև խաղատանը լիցենզիայից զրկելու որոշումը։

««Օնիրա քլաբ» ընկերության կազմում, բացի «Շանգրի Լա» խաղատնից, մտնում է նաև հյուրանոցն ու ռեստորանը։ Այս արտակարգ դրության ժամանակ դրանք չեն աշխատել, բայց աշխատողներին աշխատավարձ են վճարել։ Դե պատկերացրեք՝ որքան է տուժել ընկերությունը։ Մարտ, ապրիլ, մայիս ամիսներին ընկերությունը չի աշխատել։ Իրավասու մարմնին դիմել, խնդրել ենք՝ մի քիչ ժամանակ տալ, քանի որ տուժած ոլորտ է։ Բանակցությունների ժամանակ փաստացի համաձայնություն ձեռք էր բերվել, բայց քանի որ վերջին հայտարարությունն եղավ պարոն Ծառուկյանի, մտածեցին իրենն է և զուտ նեղացնելու համար այսպիսի իրավիճակ ստեղծվեց։ Բայց չեն մտածում, որ Ծառուկյանի կողմից հավատարմագրային կառավարման է հանձնված այդ ընկերությունը և եթե հարկերը չի վճարում, ուրեմն թող ընկերությունը պատասխան տա։ Քաղաքական ենթատեքստ կա և փորձում են ցավեցնել պարոն Ծառուկյանին, այլ բան չենք տեսնում», -հավելեց Սմբատ Մինասյանը։

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից օգտվելու համար ընկերությունը չի դիմել, փոխարենը վճարել է աշխատողների աշխատավարձները։ Սմբատ Մինասյանն ասում է՝ չեն դիմել աջակցության, փոխարենը հիմա են դիմում են, որ մի քանի ամիս ժամանակ տրամադրվի մինչև ծառայությունները սկսեն աշխատել։

«Լավ չի՞ որ կառավարությանը չի դիմել ընկերությունը սուբսիդիա ստանալու համար, 700 աշխատողներ կան, դե պատկերացրեք այդքանին կառավարությունը օժանդակություն տրամադրեր։ Գործատուն ինքն է վճարել աշխատավարձը՝ չհեռացնելով աշխատողներին։ Հիմա ընդամենը խնդրում են, որ ժամանակ տրամադրվի, մինչև համալիրն սկսի աշխատել։ Մի պատկերացրեք միայն խաղատուն, դա մի ամբողջ համալիր է, որը ծառայություններ է մատուցում», -նշեց փաստաբանը։

  • Կիսվել: