շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քաղաքացուն ապօրինի զրկել էին ազատությունից և սպառնալիքներ հնչեցրել. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Քաղաքացուն ապօրինի զրկել էին ազատությունից և սպառնալիքներ հնչեցրել. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 16-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած օտարերկրյա քաղաքացիները հաղորդում էին տվել, որ փետրվարի 5-ի ժամը 22.30-ից կեսգիշերն ընկած ժամանակահատվածում Գրիգոր Լուսավորչի փողոցի ակումբներից մեկի անվտանգության աշխատակիցները, ակնհայտ անհամապատասխան հաշիվը վճարելու շուրջ ծագած խնդրի պատճառով, իրենց մեկուկես ժամ ապօրինի զրկել են ազատությունից և հնչեցրել ծանր մարմնական վնասվածք պատճառելու սպառնալիքներ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 16-ին, ժամը 22.20-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերվել և, անձին ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով, բերման են ենթարկվել ակումբի անվտանգության 28-ամյա աշխատակիցն ու օտարերկյա 34-ամյա մի քաղաքացի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ (Ազատությունից ապօրինի զրկելը) և 212-րդ (Սպառողներին խաբելը) հոդվածների մեղադրանքով:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: