հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քաղաքացին՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիս կարող է օգտվել «մեկ պատուհանից» և չգնալ կադաստր

Քաղաքացին՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիս կարող է օգտվել «մեկ պատուհանից» և չգնալ կադաստր

Գործադիրը հավանություն է տվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Օրինագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է իրավակիրառ պրակտիկայից, որն արձանագրվել է նաև Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ:

Մասնավորապես, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի համաձայն, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքներն այդ գործարքների նոտարական վավերացման օրվանից սկսած` ոչ ուշ, քան 30 աշխատանքային օրվա ընթացքում պետական գրանցման ներկայացնելու պահանջը չպահպանելը՝ առանց ժամկետը բացթողնելու պատճառները հաշվի առնելու, հանգեցնում է գործարքի անվավերությանը։

«Մենք առաջարկում են, որ սահմանվեն այն համապատասխան հիմքերը, որոնց հաշվառմամբ, անձը կարող է հարգելի համարելու միջնորդություն ներկայացնել, և դա կադաստրի կողմից հարգելի գրանցվի և պետական գրանցումն իրականացվի։ Հաջորդ կետը, որով որոշակի փոփոխություն է նախատեսվում, դա նոտարի գործառույթներին է վերաբերում: Այսինքն՝ հիմա նոտարական վավերացմամբ գործարքը նոտարը կարող է համապատասխան միջոցով ուղարկել կադաստր:

Սա սահմանվում է որպես նոտարի գործողություններից բխող պարտականություն։ Այսինքն, անձը՝ նոտարի մոտ գործարքը վավերացնելիս կարող է օգտվել «մեկ պատուհանից» և չգնալ կադաստր առանձին գրանցում կատարելու։ Բայց այդ հնարավորությունը նույնպես մնացել է. եթե անձը չի ցանկանում, կարող է առանձին գնալ կադաստր և գրանցում կատարել»,- նշել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այդ հավելյալ գործողության համար պետական տուրք չի գանձվի, 3000 դրամ կգանձվի սպասարկման համար։

  • Կիսվել: