ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՊՎԾ-ն մշտադիտարկել է պետական և համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու դեպքերը

ՊՎԾ-ն մշտադիտարկել է պետական և համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու դեպքերը

ՀՀ վարչապետի աշխատակազմից և ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվության հիման վրա ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իրականացրել է մշտադիտարկում՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ տրամադրելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ։

Մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը բազմաթիվ դեպքերում համայնքների ղեկավարների կողմից նախ վարձակալությամբ են տրամադրվել բավականին ցածր վարձավճարով, ապա ավելի ուշ (որոշ դեպքերում՝ հաջորդող կամ մի քանի օրերի ընթացքում)՝ վարձակալը հեռահաղորդակցության կապի օպերատորներին այդ գույքը (կամ դրա մի փոքր մասը) ենթավարձակալության է հանձնել մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ավելի թանկ վարձավճարով։ Մասնավորապես, համայնքներից մեկում համայնքի սեփականություն հանդիսացող 1.200 քմ հողմասը վարձակալության է հանձնվել տարեկան 2.000 դրամով, իսկ այդ հողամասի 200 քմ-ը հեռահաղորդակցության կապի օպերատորին ենթավարձակալության է տրվել շուրջ 500 անգամ թանկ գնով՝ տարեկան 1.020.000 դրամ վարձավճարով, կամ 10.000 քմ հողատարածքը տրամադրվել է տարեկան 4.540 դրամ վարձավճարի դիմաց և նույն օրն այն տրվել է ենթավարձակալության շուրջ 100 անգամ թանկ գնով՝ տարեկան 480.000 դրամով։

Հատկանշական է այն հանգամանքը, որ ուսումնասիրված գործարքների մի մասում, ըստ էության, առկա է ուղղակի փոխկապակցվածություն վարձատուի՝  համայնքի ղեկավարի և վարձակալի միջև։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ համայնքից վարձակալված հողամասերի վարձակալները հանդիսանում են համայնքների ղեկավարների ընտանիքի անդամները, հաշվառված են միևնույն հասցեում կամ գտնվում են բարեկամական, ազգակցական կապերի մեջ:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

  • Կիսվել: