հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՓՊ-ն հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՓՊ-ն հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ներկայացուցիչներին

ՀՀ փաստաբանների պալատն այսօր հյուրընկալել է Եվրոպական միության և միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:

Երկու կառույցների միջև ձևավորված է գործընկերային ջերմ հարաբերություններ, ինչի շնորհիվ տարիներ ի վեր համատեղ ծրագրով իրականացվել է փաստաբանների վերապատրաստման դասընթացներ:

Ողջունելով հյուրերին` Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Փաստաբանների պալատի հետ երկար ժամանակ համագործակցելու համար:

Փաստաբանների պալատի նախագահը բարձր է գնահատել Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի փաստաբանների անկախությանը և Հայաստանում արդարադատության համակարգի որակը զագացնելուն միտված նվիրական ջանքերը:

Սիմոն Բաբայանն ընդգծել է, որ մշտապես նկատել է փաստաբանների ակտիվ մասնակցությունը և մեծ գոհունակությունը երկուստեք համագործակցության շրջանակներում կազմակերպվող դասընթացներին:

Նան նաև նշել է, որ հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Փաստաբանների պալատի, այլև ողջ իրավական համակարգի համար:

Փաստաբանների պալատի նախագահը նաև շնորհակալագրեր է հանձնել Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի գործընկերներին, ընդգծելով, որ այս համագործակցությունը նպաստել է փաստաբանության ոլորտում բարեփոխումների իրականացմանն ու կատարելագործմանը:

Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի` «Արդարադատության համակարգի ամրապնդումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերը շնորհակալություն է հայտնել ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության, շնորհակալագրերի և արդյունավետ համագործակցության: Նա նկատել է, որ համագործակցության շարունակական լինելու դեպքում, փաստաբանության ոլորտի կատարելագործմանն ուղղված դեռ շատ նպաստավոր ծրագրեր կարող են իրականացվել:

Ջերմ մթնոլորտում ընթացող հանդիպման ժամանակ ելույթ են ունեցել նաև ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ասատրյանը, ՀՀ Փաստաբանական դպրոցի ուսումնական դեպարտամենտի ղեկավար Արմինե Ֆանյանը, Եվրոպական միության և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Օթիլիա Պակուրարին:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են քննարկել համագործակցության նոր ուղիներ:

  • Կիսվել: