շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՓՊ-ն ձևավորում է աշխատանքային խումբ՝ միջազգային կառույցներում Ադրբեջանի ագրեսիայից տուժած խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանության համար

ՓՊ-ն ձևավորում է աշխատանքային խումբ՝ միջազգային կառույցներում Ադրբեջանի ագրեսիայից տուժած խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանության համար

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել.

՛՛Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը,

հաշվի առնելով Արցախի Հանրապետությունում ադրբեջանական կողմի ռազմական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգը, դրանով պայմանավորված ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 2020 սեպտեմբերի 27-ի թիվ 1586-Ն որոշումը,

կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ժողովուրդների անվտանգությունը, առանց որի չի կարող ապահովվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,

արձանագրելով, որ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության կողմից հայերի և Հայաստանի Հանրապետության դեմ էթնիկ ատելություն հրահրող հայտարարությունները և գործողությունները խախտում են ոչ միայն միջազգային պայմանագրերով սահմանված պարտավորությունները, այդ թվում՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի 2-րդ հոդվածով սահմանված պոզիտիվ պարտավորությունները, այլ նաև Ադրբեջանի ազգային օրենսդրության պահանջները («ցեղասպանության իրականացման հրահրում» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 104-րդ հոդված) և «ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը կամ վարելը» (Ադրբեջանի քրեական օրենսգրքի 100-րդ հոդված)).

նկատի ունենալով այն, որ փաստաբանները նույնպես կամավորական խմբեր կազմելու նախաձեռնությամբ են հանդես եկել,

  1. Խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ.
  2. Ձևավորում է աշխատանքային խումբ՝ միջազգային կառույցներում Ադրբեջանի ագրեսիայից տուժած խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությանն օժանդակելու նպատակով.
  3. Ձևավորում է օժանդակող փաստաբանական խմբեր՝ կամավորական կամ զորահավաքային կարգով ռազմական գործողություններում ներգրավված փաստաբանների փոխարեն նրանց մասնագիտական աշխատանքներին աջակցելու նպատակով.
  4. Տեղեկացնում է հանրությանը, որ քաղաքացիական գործերով դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե` պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ՛՛:

  • Կիսվել: