չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՓՊ-ն դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում. հայտարարություն

ՓՊ-ն դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում. հայտարարություն

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարությամբ է հանդես եկել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման կապակցությամբ․

«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում։

Էրիկ Ալեքսանյանի կալանավորումից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել է քննարկում վերջինիս փաստաբանական խմբի հետ:

Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում փաստաբանի կատարած օրինական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է նաև Էրիկ Ալեքսանյանը զանգվածային լրատվության միջոցների հետ շփումների ընթացքում:

Այս կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:

Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:

Տեղեկացնում ենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի հետ քննարկման արդյունքներով, այսօր արդեն դիմում է մուտքագրվել Փաստաբանների պալատ՝ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հարցը քննարկելու համար: Դիմումի կապակցությամբ հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ:

Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին տեղեկանալուն պես Պալատի նախագահը և Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգողն հրատապ այցելել էին վերջինիս և քննարկել նրա պաշտպանության հետ կապված հարցեր»:

 

  • Կիսվել: