երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, կոտրել դատական համակարգը. պետք է համախմբվել. դատավոր Հովհաննիսյան

Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, կոտրել դատական համակարգը. պետք է համախմբվել. դատավոր Հովհաննիսյան

Ըստ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի՝ չկա մեկ դատավոր, որը չի հասկանում, թե Հայաստանում դատական համակարգի առջև ինչպիսի խնդիրներ կան։

«Փորձում են սահմանափակել դատական համակարգի անկախությունը, հնարավոր ճնշումներ են, փորձում են կոտրել դատական համակարգը ու հիմա, եթե որոշ դատավորներ պետք է առաջնորդվեն նեղ անձնական շահերով, ես չգիտեմ՝ դրան ինչ գնահատական տալ», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հովհաննիսյանը։

Դատավորը նշեց, թե Դատավորների արտահերթ ժողովը հրավիրվել է նրա համար՝ հասկանալու, թե ինչպես դատավորները կարող են պաշտպանել իրենք իրենց, խնդիրներին ինչ լուծումներ տալ:

«Մենք պետք է պաշտպանենք դատական համակարգը։ Պետք է համախմբվել, չպետք է լինի նեղ անձնական շահերով ղեկավարվել, իսկ, եթե համախմբվածություն եղավ, վստահաբար ասում եմ՝ դատական համակարգին որևէ վտանգ չի սպառնա», - նշեց դատավոր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում հրավիրվել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումներից հետո դատավորները ստորագրահավաք էին սկսել՝ պահանջելով դատավորների արտահերթ ընդհանուր ժողով հրավիրել։

Օրակարգում քննարկման առարկա կդարձվի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, ինչպես նաև՝ դատական իշխանության և դատավորների նկատմամբ իրականացվող ճնշումները։

  • Կիսվել: