ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությանը վճարելով ապօրինի ձեռք բերած գույքի 75 տոկոսը՝ անձը չի ազատվելու քրեական պատասխանատվությունից. նախարար

Պետությանը վճարելով ապօրինի ձեռք բերած գույքի 75 տոկոսը՝ անձը չի ազատվելու քրեական պատասխանատվությունից. նախարար

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի մասին քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ ապօրինի գույք ձեռք բերած անձը իրեն փաստացի պատկանող գույքի առնվազն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից:

Նախարարը, մասնավորապես, նշեց. «Կան Քրեական օրենսգրքի հոդվածներ, որոնք ազդակ են ծառայելու՝ ուսումնասիրությունը սկսելու համար։ Պաշտոնատար անձանց վերաբերյալ հիմնականում կոռուպցիոն բնույթի բոլոր հանցագործությունները թվարկված են։

Այսինքն՝ եթե կաշառք տալու, ստանալու, փողերի լվացման որեւէ գործով անձին մեղադրանք առաջադրվի, այդ անձին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի չափը հենց վարույթը ուսումնասիրությունը նախաձեռնելու պահին չհիմնավորվի իր օրինական եկամուտներով՝ 50 միլիոն եւ ավելի դրամով, այսինքն՝ իքս պաշտոնատար անձի փողերի լվացման համար առաջադրվել է մեղադրանք եւ տվյալ քրեական գործի նյութերով երեւում է, որ այդ անձը իրականացրել է փողերի լվացում, որը գերազանցում է 100 հազար դոլարը եւ էլի ունի գույքեր, արժեթղթեր, որոնք որեւէ կերպ օրինական եկամուտներով չեն հիմնավորվում, եւ միլիարդավոր դրամների ծավալով չի հիմնավորվում այդ գույքը» ։

Անդրադառնալով հարցին, թե՝ եթե պաշտոնատար անձ չէ, ապա ովքեր են այլ մարդիկ՝ Բադասյանը նշեց. «Օրինակ՝ թրաֆիքինգ, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, քրեական ենթամշակույթի հետ կապված հոդվածներ»։

Նախարարան ասաց նաեւ, որ եթե գույքի՝ օրինական միջոցներով ձեռքբերումը չի հիմնավորվում, անձին առաջարկվում է ներկայացնել հայտարարագիր, որով կարող է հերքվել այդ գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը:

Նա նշեց. «Այդ բոլոր ապօրինի գույքերը ուսումնասիրությունների շրջանակում հավաքվում են եւ տվյալները կարող են գալ քրեական գործից կամ ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերվել իրավասու մարմինների կողմից եւ համեմատվում է տվյալ անձի օրինական կամ իրեն փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հետ։

Եթե այդ օրինական եկամուտները չեն հիմնավորվում, ապա առաջարկվում է տվյալ անձին ներկայացնել հայտարարագիր կամ փաստաթղթեր, որով կարող է հերքվել այդ գույքի ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե չի հերքվում կարող է քաղաքացիական հայց ներկայացվել դատարան եւ կարող է հաշտության համաձայնագրի շուրջ գնալ բանակցություններ»։

Անդրադառնալով հաշտության համաձայնագրին՝ բադասյանը պարզաբանեց, թե դա ինչպես է կիրառվելու: Նա ասաց. «Տվյալ անձը պարտավոր է իրեն փաստացի պատկանող ամբողջ գույքը հայտարարագրել, այդ թվում՝ արտասահմանում գտնվող եւ դրա նվազագույն 75 տոկոսը փոխանցի պետությանը, սակայն 75 տոկոսը պետությանը վճարելով՝ չի ազատվելու քրեական պատասխանատվությունից. Արդարադատության նախարար։ Բանակցությունները վարվում են Գլխավոր դատախազության հետ»։

Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ գլխավոր դատախազի տեղակալի հաստիք է ձեւավորվելու, որը զբաղվելու է բացառապես այս գործընթացներով։

  • Կիսվել: