ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Բացահայտվել է կոռուպցիոն բնույթի հերթական հանցագործությունը: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես և տարածքային ինքնակառավարման մարմինների ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության տարածքային բաժինների պետեր, համագործակցելով բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի տնօրինության հետ, ելնելով խմբային շահերից և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` խախտել են կառավարության որոշմամբ սահմանված պահանջները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

2015-2018 թվականներին «Մարզերում միայնակ տարեցներին, հաշմանդամներին տնային պայմաններում և ցերեկային խնամքի կենտրոններում սոցիալական սպասարկում» ծրագրի շրջանակներում մոտ չորս հազար անձի ծառայություններ մատուցելու նպատակով պետբյուջեով հատկացվել է տարեկան 200 միլիոն դրամ:

Որպեսզի ծրագրի ծավալները չկրճատվեն` յուրաքանչյուր տարի ծրագրում ներգրավվել է 900-1100 անձ, որոնց տվյալները չեն համապատասխանել սահմանված չափորոշիչներին:

Այսպիսով, երեք տարում, ընդհանուր երեք հազար շահառուի հաշվարկով, հանցավոր արարքների հետևանքով, պետական բյուջեից հավելյալ հատկացվել է 180 միլիոն դրամ:

Փաստերի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե` նախաքննության»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: