Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացման գլոբալ դաշինքի բարձր մակարդակի նախարարական հանդիպմանը, որը համատեղ կազմակերպել էին Սաուդյան Արաբիայի Թագավորությունը, Եվրոպական միությունը և Նորվեգիայի Թագավորությունը։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են վերջին մեկ տարվա ընթացքում արձանագրված զարգացումները և Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում՝ Գազայում հակամարտության ավարտին ուղղված համապարփակ ծրագիրը, այն հավանության արժանացրած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2803 բանաձևը, ինչպես նաև Նյու Յորքի հռչակագիրը։
Բարձր մակարդակի նախարարական նիստի շրջանակներում քննարկվել են 2026–2027թթ. նախատեսվող հետագա քայլերը, ինչպես նաև վերոնշյալ միջազգային նախաձեռնությունների համախմբման և առաջմղման հնարավորությունները։ Կարևորվել է նաև գործնական առաջարկությունների ձևակերպումը՝ առաջիկա տարվա ընթացքում այդ նախաձեռնությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով։



