հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվողի և նրա տիկնոջ գործով երկրորդ դատական նիստը հետաձգվեց

Պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվողի և նրա տիկնոջ գործով երկրորդ դատական նիստը հետաձգվեց

Այսօր կրկին հետաձգվեց պետական դավաճանություն կատարելու համար մեղադրվող Մայիս Սահակյանի և նրա կնոջ գործով երկրորդ դատական նիստը:

Նշենք, որ դատարանը բերման էր ենթարկել գործով անցնող մեղադրյալ Ստելլա Սահակյանին, որը դատարանում միջնորդեց իրեն պաշտպան տրամադրել, ինչի արդյունքում էլ մեղադրյալի պաշտպան տրամադրելու համար նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ առաջին դատական նիստին Ստելլա Սահակյանը չէր ներկայացել: Դատախազը միջնորդել էր պատշաճ ծանուցված ամբաստանյալին և վկաներին բերման ենթարկելու որոշում կայացնել, ինչը դատարանը բավարարել էր:

Ստելլա Սահակյանը ներկայացավ դատարան, սակայն նիստը կրկին հետաձգվեց:

Հավելենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, Մայիս Սահակյանը կնոջ օժանդակությամբ լրտեսության, պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով կատարել է պետական դավաճանություն։

Սահակյանի կնոջը՝ Ստելլա Սարգսյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնու կողմից լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու ու հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելուն օժանդակելու դիտավորությամբ տրամադրել է անհրաժեշտ միջոցներ, ինչպես նաև վերացրել է այդ կապակցությամբ առկա խոչընդոտները։

  • Կիսվել: