երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեյանն առարկեց, որ գործը քննվի Շիրակի դատարանում

Պեմզաշենի գործով մեղադրյալ Վրույր Բարսեյանն առարկեց, որ գործը քննվի Շիրակի դատարանում

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանության գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը առաջարկեց լսել դատավարության մասնակիցների կարծիքները՝ գործի քննությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու վերաբերյալ՝ հաշվի առնելով, որ այս գործով բոլոր վկաները այդ գյուղից են:

Հանրային մեղադրողը եւ տուժողի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը դեմ չէին, որ գործն ուղարկվի Շիրակի դատարան:

«Ինձ համար՝ որպես ներկայացուցիչ, թե  տուժողի համար  միևնույն է, թե սույն գործը որտեղ կքննվի, մեզ համար կարևոր է, որ իրականացվի արդարադատություն, թե որ նստավայրը կանի դա, միևնույն է»,-ասաց Գալիկյանը։

Մեղադրյալներից Վրույր Բարսեղյանն ընդգծեց, որ ցանկանում են, որ գործի վարույթի քննությունն իրականացվի Երևան քաղաքում և ոչ թե Շիրակի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանում։

Մեղադարյալներից Արկադի Բարսեյանի համար, սակայն, տարբերություն չկար. «Միայն գործն արդար քննվի»։

Դատարանը որոշեց քրեական վարույթը թողնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղի սեփական բնակարանում սպանված էին գտել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանին, նրա 12-ամյա դստերը եւ 8-ամյա որդուն:

Դաժան սպանության կասկածանքով ձերբակալվել, ապա կալանավորվել են Շիրակի մարզի 32-ամյա բնակիչ Վրույր Բարսեղյանը եւ նրա ազգականը՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանը։

Վրույրը Բարսեղյանն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը՝ տալով ինքնախոստովանական ցուցմունք, իսկ Արկադի Բարսեղյանը հակառակը՝ չի ընդունում մեղադրանքը եւ նշում է, որ դեպքի վայրում չի եղել։ Երկու մեղադրյալներն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Ըստ Քննչական կոմիտեի վարկածի՝ անմարդկային սպանությունների շարժառիթը եղել է գողությունը։

Վրույր Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ ՔՕ 155-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ եւ 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 5-րդ, 6-րդ եւ 13-րդ կետերով (2 դրվագ), 252-րդ (ավազակություն) հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 198-րդ (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ) հոդվածի 4-րդ մասով։ Արկադի Բարսեղյանին մեղադրանք է ներկայացվել 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 13-րդ կետերով եւ 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

  • Կիսվել: